24.11.2024
Սրանց պետք է հեռացնել, որ և՛ ՀՀ լինի, և՛ հայ-ռուսական դաշինք, որը բխում է մեր շահերից
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հրահանգել է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ նրա շրջապատի նկատմամբ սկսված իշխանական արշավն իր արմատներն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ 2023 թվականի աշխատանքային վերջին օրերին Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի: Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չպատասխանեց: Բնականաբար, Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը եւ դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա արցախատյաց թիմակիցներին: Նրանք համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով եւ հանձնելով՝ կարող են փրկել Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, սակայն դա էլ չի հաջողվում:


Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ՝ 8 գյուղեր, անկլավային այլ տարածքներ, ինչպես նաեւ 2021թ.-ից օկուպացված է պահում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք: Այսինքն՝ Արցախը զոհաբերելով՝ Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է: Ապագայում սպասվելիք դժվարությունները, հարձակումներն ու ագրեսիաները որեւէ կողմի վրա բարդելու համար (որեւէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանը) Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է փնտրում եւ, ահա, գտել է. Արցախի ղեկավարությունն է Հայաստանում: Հրահանգված է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը, եւ առաջիկայում տարբեր թիրախավորումների ականատես կլինենք»։


«Հրապարակ» թերթը գրում է. Մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ում մեղադրում են 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչի հետեւանքով, ըստ ՔԿ-ի, հակառակորդը գրավել է Շուշին, եւ հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր ու վիրավորներ։ Բայց միեւնույն ժամանակ պաշտոն են տալիս մեկին, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ-ում զբաղեցնելով սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը՝ նշանակված է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատու: Խոսքն Արցախի ՊԲ փոխնախարար Սերգեյ Առստամյանի մասին է, որին երեկ նշանակեցին ՔԿ նախագահի խորհրդական: Հիշեցնենք նաեւ, որ Քյարամյանը եւս պատերազմի օրերին Հայաստանից գործուղվել էր Շուշի եւ թերեւս այնտեղ է Առստամյանի հետ ծանոթացել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը առաջիկայում փակ հանդիպում է նախատեսում ունենալ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Փաշինյանը օրենսդիրի իր թիմակիցներին ներկայացնելու է միջազգային վերջին այցերի՝ մյունխենյան բանակցությունների եւ Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները: Ինչպես մեզ ՔՊ-ից հայտնեցին, միջազգային կարեւոր այցերից հետո սովորաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ ամփոփելու արդյունքները. այս անգամ էլ բացառություն չի լինի: ՔՊ-ականները հատկապես սպասում են Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, քանի որ մեծ սպասումներ ունեն դրանից: Իշխանականները նաեւ մեզ հայտնեցին, որ հանդիպման օրը դեռ հստակեցված չէ. կախված է վարչապետի գրաֆիկից. սպասում են»։


«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության երեկվա փակ նիստերն ընթացել են խաղաղ մթնոլորտում, ՔՊ-ն առանձին-առանձին հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ, որոնց պատրաստվում են վերընտրել: Յուրաքանչյուր հանդիպում մոտ 1.5 ժամ է տեւել, չնայած քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, բայց բոլորը թեկնածուներին հարցեր են տվել։ Մեր աղբյուրի տպավորությամբ, ՔՊ-ում ավելի ջերմ են ընդունել Գեղամ Գեւորգյանին, իսկ Արթուր Վանեցյանի բաջանաղ Բաղրամյանի հետ հանդիպումն ավելի պաշտոնական, սառը մթնոլորտում է անցել: Ոմանք անգամ խայթելու փորձեր են արել։ Ընտրությունը կկայանա հաջորդ շաբաթ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակային կասկածի տակ է դնում ՀՀ իրավապահ մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության գործունեության պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը՝ նշելով զոհերի մասին, ասելով, թե վհուկների որս չպետք է լինի։ Ավելին՝ երեկ հայտարարել է. «Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված եւ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան»։


Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» նրանց կատարած գործունեության վրա: Միգուցե ՔՊ-ական Արսեն Թորոսյանի այս համարձակ ու հրապարակային ելույթները ավելի խորը արմատնե՞ր ունեն: Մասնավորապես, իրավապահ համակարգը անզոր գտնվեց ու մինչ օրս ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին պատասխանատվության չի կարողանում կանչել Cօvid-19-ի շրջանում փողերի լվացման գործով, ու այն մինչ օրս դոփում է տեղում, ինչն էլ Թորոսյանին հիմք է տալիս գնահատական տալ ուժայինների գործունեությանը։ Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը, ՔՊ-ական պատգամավորի կողմից Գլխավոր դատախազության հարուցած գործը անհիմն համարելու հայտարարության հետ կապված, Գլխավոր դատախազությունից մեկնաբանություն խնդրեց, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դատախազությունը չի մեկնաբանում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով պաշտոնատար անձանց հայտարարագրերը՝ հաճախ ենք առնչվում անճշտությունների, կոռուպցիոն ռիսկեր պարունակող տվյալների, ինչպիսիք են, օրինակ, միլիոնավոր կանխիկ դրամական միջոցները, որոնց աղբյուրները նշված չեն, մեկ օրում մի քանի տուն գնելու փաստերը եւ այլն: Այս անգամ թիրախում է Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, որը Ford մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի մեջ է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանի Վարդանյանի հայտարարագրերը առաջացնում են հարցեր, բայց ոչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ։ Այսպես, Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, ինչը գուշակության ոլորտից է։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022թ. սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։


Հետաքրքիր զուգադիպությամբ ՔՊ-ականների գրեթե բոլոր ձեռքբերումները (բնակարան, ավտոմեքենա, հագուստ, այլ) արձանագրվել են 2018թ. իշխանափոխությունից հետո։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլ դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը 3 հազար ԱՄՆ դոլարի օգուտ է ստացել եւ փոխել մեքենայի արտադրման տարեթիվը: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է այդպես ստացվել։


«Ընդհանրապես էդ հայտարարագիրը ոտքից գլուխ ամբողջը սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէ։ Խնդրում եմ, իրենց հետ կապվեք, որովհետեւ մի տունն էլ, որ ունեմ Կենտրոն վարչական շրջանում, երեք անգամ նույն բանը նշված է։ Դիմել եմ իրենց, ասացին՝ Ձեզ կոդ կուղարկենք, համակարգի սխալ է եղել, Դուք կուղղեք։ Այդ կոդը մինչեւ հիմա չեն ուղարկել։ Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»: Ինչպես միշտ, բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ականներից»։