2023թ. Ռուսաստանը ցույց է տվել տնտեսական ակտիվության 3,5%-անոց աճ: Սա շատ լավ ցուցանիշ է: Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալությունների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը 2024թ. կաճի ևս 2,5%-ով, ինչը նշանակում է, որ ռուսաստանյան շուկան շարունակելու է մնալ չափազանց գրավիչ բարեկամ երկրների բիզնեսի համար: Այս մասին «Հայաստանի տնտեսությունը 2023թ. ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, հայկական տնտեսությունը, հույս դնելով սեփական արտահանման ներուժը զարգացնելու վրա, մեծացնելով զբոսաշրջությունը և այլ ոլորտներ ու գործոններ, կարող է արձանագրել 2024թ. 7% և ավելի աճ. " Մեր՝ Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները, անում են զգույշ, բայց հիմնավորված հաշվարկ, որ եթե բարեհաճ միտումները մեր տնտեսության համար պահպանվեն տարվա ընթացքում, ապա տնտեսական ակտիվության և համախառն ներքին արդյունքի աճը կշարունակի ցույց տալ դինամիկ զարգացում",- ասաց նա:
Սաֆարյանը նշեց, որ Հայաստան փոխանցվող ուղիղ տրանսֆերտների 67% 2023թ. եղել է Ռուսաստանից և միայն 12% ԱՄՆ-ից: Միաժամանակ կարևոր է հասկանալ, որ անցած տարվա երկրորդ կեսին մուտք գործող տրանսֆերտների ծավալը շեշտակիորեն պակասել է և դա թույլ է տալիս կանխատեսում անել այն մասին, որ 2024թ. տրանսֆերտների ծավալը կարող է նվազել մինչև 15%:
"Շատ դինամիկ զարգացում է ապրում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը: 2,3 մլն. արտասահմանյան զբոսաշրջիկների 50% Ռուսաստանի քաղաքացիներ են: Պետք է նշել, որ 2024թ. զբոսաշրջության ծավալները կարող են էլ ավելի մեծանալ: Զբոսաշրջիկների զանգվածային հոսքի նոր ուղղություններ են յուրացվում Հնդկաստանից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից և Մեծ Եվրասիայի որոշ այլ երկրներից: Ասվածի հետ միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տարվա ընթացքում նկատվել է արտահանման և ներկրման կառուցվածքի վատթարացում: Պետք է հասկանանք, որ մեր բիզնեսի այժմեական հաջողությունների հետևում հարկ կլինի չկորցնել տնտեսական զարգացման առաջատար ուղղությունների իրական կարիքների տեսանելիությունը և դրանց աջակցել 2024 և 2025թթ.":
Ըստ բանախոսի, ԵԱՏՄ երկրների փորձագիտական մշակումները թույլ են տալիս հաստատել, որ եվրասիական հնգյակի երկրների արտաքին առևտրական շրջանառությունը կշարունակի աճել 2025թ. առաջին կեսին: Այնուհետև կանխատեսվում է այդ ցուցանիշների որոշ անկում: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ 2023թ. հայ-ռուսական տնտեսական զարգացումը անվիճելիորեն և ակնհայտորեն փաստարկ է հանդիսանում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար բոլոր ոլորտներում. "Հայկական արտահանման հետագա դիվերսիֆիկացումը, այդ գործընթացում նոր գործընկերների ընդգրկումը չի կարող փոխարինել տեսանելի հեռանկարում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների հետ համագործակցությանը",- վստահ է Սաֆարյանը:
Անդրադառնալով այս տարվա անելիքներին, Արամ Սաֆարյանը նշեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը ծրագրում է արժանապատվորեն նշել ԵԱՏՄ տասնամյա հոբելյանը, ինչպես նաև մեր երկրի նախագահությունը այդ կառույցում:
"Մենք հույս ունենք մինչև աշուն հրատարակել գիրք միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով «Հայաստանը և Մեծ եվրասիական գործընկերությունը» վերնագրով Երևանի պետական համալսարանի և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով: Գիտական հոդվածների այդ ժողովածուում հայ և ռուսաստանցի մասնագետները կվերլուծեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ժամանակակից վիճակը և կկանխատեսեն նրա տեսանելի հեռանկարները:
Երկրորդ կիսամյակում մենք ծրագրում ենք նաև Երևանի պետական համալսարանում անցկացնել արդեն երկրորդ միջազգային կոնֆերանս Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Ղրղզստանից ժամանած առաջատար գիտնականների և փորձագետների և մեր երկրի հայտնի մասնագետների մասնակցությամբ: Այս կոնֆերանսը կդառնա Հայաստանի գիտական կյանքում նշանակալից իրադարձություն",- հավելեց նա: