Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցությունը զարգացնելու ներուժ է տեսնում՝ շեշտելով, որ դրան կնպաստի նաև Երևանում Բելգիայի՝ վերջերս բացված դեսպանատան աշխատանքը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ներուժ է տեսնում հատկապես տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Նա փոխգործակցության լուրջ պոտենցիալ է տեսնում նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, էներգետիկայի ոլորտներում։ Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-Բելգիա հարաբերություններին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման հնարավորություններին, Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ԵՄ-ում նախագահության ընթացքում Բելգիայի առաջնահերթություններին և այլ հարցերի։
Պարոն դեսպան, արդեն գրեթե վեց ամիս է`դիվանագիտական առաքելությամբ Հայաստանում եք: Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի մասին։
Երեւան ժամանեցի յուրահատուկ համատեքստում։ Որպես Հայաստանում Բելգիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնի ստանձնումը համընկավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության եւ դրան հաջորդած բնակչության զանգվածային արտագաղթի հետ։ Այս իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան իմ պաշտոնավարման սկզբնական շրջանում: Այս իրադարձություններից դուրս պետք է խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ տպավորված եմ կապերի հաստատման դյուրինությամբ թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ իշխանությունների հետ։ Բացի հայկական հյուրընկալությունից, դա բացատրվում է նրանով, որ մեր երկրները հիանալի երկկողմ հարաբերություններ ունեն։
Ինչո՞ւ էր Բելգիայի համար կարեւոր հենց հիմա Հայաստանում դեսպանություն բացելը։
Ձեր հարցն ակնհայտորեն եւ լիովին տեղին է: Այո, հարց կարող է առաջանալ՝ Բելգիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի ավելի քան 30 տարի, ինչո՞ւ իմ երկրի իշխանությունները հենց այս պահին որոշեցին դեսպանություն բացել։ Դա մի քանի պատճառ ունի: Նախ, աշխարհաքաղաքական համատեքստը խորապես փոխվել է, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը: Աշխարհաքաղաքական այս նոր մարտահրավերները Եվրոպային մոտ գտնվող որոշ տարածաշրջաններում ապակայունացման վտանգ են ներկայացնում: Այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունները շատ առանձնահատուկ նշանակություն են ստանում։ Եվրամիությունը, ինչպես գիտեք, աշխատում է Հարավային Կովկասում ավելի մեծ կայունության եւ բարգավաճման ուղղությամբ: Բացելով մեր դեսպանատունը՝ ցանկացանք մեր աջակցությունը ցուցաբերել եւ նպաստել այս ջանքերին, եւ սա այն ուղերձն է, որով կիսվել է արտաքին գործերի նախարար տիկին Հաջա Լահբիբը, երբ անցյալ ամառվա վերջին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Դեսպանատան բացումը նաեւ հնարավորություն է զարգացնելու մեր երկկողմ կապերը, մասնավորապես տնտեսական, բայց նաեւ մշակույթի ոլորտում։ Վերջապես, ինչպե՞ս չհիշենք, որ իմ երկրում ապրում է 30-40 հազար հայ, ինչը նպաստում է Հայաստանի եւ Բելգիայի միջեւ սերտ կապերին, որոնք, հուսով եմ, ավելի կամրապնդվեն դեսպանատան բացմամբ։
Ինչպե՞ս եք գնահատում հայ-բելգիական հարաբերությունների զարգացման ներկա փուլը։ Ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ երկու երկրների հարաբերությունները, ո՞ր ոլորտներում եք մեծ ներուժ տեսնում։
Կան մի քանի ոլորտներ, որտեղ մենք կարող ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները։ Իմ՝ Հայաստան հասնելու օրերին Վալոնիայի արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալությունը (AWEX) տնտեսական առաքելություն էր նախապատրաստում դեպի Հայաստան, եւ արդյունքում ես շատ արագ կապ հաստատեցի բազմաթիվ հայ ձեռներեցների հետ եւ անմիջապես զգացի տնտեսության ոլորտում մեր երկկողմ համագործակցության ամբողջ ներուժը։ Բելգիական եւ հայկական ընկերությունների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարներ, անշուշտ, կան։ Այստեղ ակնհայտ է տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։ 2024 թվականին այս ոլորտի կարեւոր միջոցառումներ են նախատեսված Հայաստանում․ մասնավորապես, խոսքը աշնանը Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի մասին է, որին, հուսով եմ, կմասնակցեն բազմաթիվ բելգիական ընկերություններ։ Բայց, կարծում եմ, կան նաեւ բազմաթիվ հնարավորություններ առողջապահության եւ էներգետիկ ոլորտներում, որտեղ բելգիական ընկերությունները կարող են դիրքավորվել։ Մեծ ներուժ կա գյուղատնտեսության, զբոսաշրջություն եւ այլ ոլորտներում եւս: Մենք ակնհայտորեն սկսում ենք սպիտակ էջից։ Շատ բաներ կան զարգացնելու, եւ այստեղ լինելը ինձ թույլ է տալիս ամենօրյա կապ ունենալ հայ զրուցակիցների հետ եւ զարգացնել կապերը։ Միայն մեկ օրինակ բերեմ․ դեսպանատունը, սերտ համագործակցելով բելգիական շոկոլադի հետ աշխատող հայ կին ձեռներեցի հետ, ով վերապատրաստվել է Callebaut ընկերության կողմից, երկու ազգային դրոշների գույներով, երկու երկրներին հատուկ համերով, այսինքն՝ Բելգիայի համար՝ սպեկուլոն եւ սուրճ, Հայաստանի համար՝ ծիրան եւ կոնյակ, շոկոլադներ պատրաստեցինք՝ որպես դեսպանության կողմից տարեվերջյան նվեր։ Ստեղծագործելու եւ համագործակցելու ցանկություն կա, պարզապես պետք է օգտվել հնարավորություններից, եւ դա է դեսպանության գոյության պատճառներից մեկը: Կարծում եմ, որ այս օրինակը հիանալի կերպով խորհրդանշում է այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ՝ դեսպանատան միջոցով, մասնավորապես՝ զարգացնել համագործակցային եւ ստեղծագործական կապերը հատկապես տնտեսության ոլորտում եւ ապահովել, որ մեր երկրները մոտենան միմյանց եւ ընդհանուր շահեր գտնեն։ Մեկ այլ չափազանց դինամիկ ոլորտ է մշակույթը: Մասնավորապես, իմ ժամանելուց անմիջապես հետո հանդիպեցի Երեւանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր տիկին Սառա Նալբանդյանի հետ եւ, ի մեծ զարմանս, նա հայտարարեց, որ արդեն բազմաթիվ համագործակցություններ ունի բելգիացի դրամատուրգների հետ, եւ որ նրանցից ոմանց գործերը նույնիսկ թարգմանվել են հայերեն։ Այնուհետեւ նա ինձ հրավիրեց ինստիտուտ, որտեղ դասախոսների եւ ուսանողների հետ նրանց հարազատ թեմաների եւ գաղափարների շուրջ փոխանակման միջոցով ես նրանց մոտ բելգիացի արվեստագետների հետ համագործակցելու ծարավ զգացի: Այնուհետեւ ես աշխատեցի, որպեսզի ինստիտուտը կապի մեջ մտնի Բրյուսելի Theatre de Proche-ի, ինչպես նաեւ ազգային թատրոնի դերասանների, ինչպես նաեւ բելգիացի հեղինակների եւ դրամատուրգների հետ: Այս ամենը դեռ նոր է սկսվել, բայց ես արդեն կարող եմ ձեզ հայտարարել, որ գարնանը երկու բելգիական ներկայացում կլինի Երեւանում եւ Գյումրիում։ Այս մասին մենք ավելի ուշ կհաղորդենք: Կարծում եմ, որ սա բելգիական ժամանակակից հասարակությանը լավ արտացոլող բեմադրություն է, որի թեման միգրացիայի խնդիրներն են, մի թեմա, որը հետաքրքրում է նաեւ հայ հանրությանը: Մենք փորձում ենք զարգացնել երկու երկրների մշակութային եւ ակադեմիական կապերը նաեւ համայնքային մակարդակով։
Այս պահին ԵՄ-ում նախագահում է Բելգիան։ Որո՞նք են Ձեր երկրի առաջնահերթությունները։
Ինչպես գիտեք, սա Եվրամիության Խորհրդում Բելգիայի 13-րդ նախագահությունն է։ Բելգիան առաջին անդամ երկիրն է, որը ստանձնել է այդ գործառույթը 1958 թվականին: Հետեւաբար, Բելգիան ունի որոշակի գիտելիքներ նախագահությունների կազմակերպման հարցերում, ինչը պահանջում է ինտենսիվ աշխատանք Բրյուսելի իմ գործընկերների կողմից: Այս նախագահությունն ունի օրենսդիր մարմնի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտին գալու առանձնահատկությունը եւ կավարտվի Եվրոպական խորհրդարանի՝ հունիսի 9-ին կայանալիք ընտրություններով, որոնք կհամընկնեն նաեւ Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային ընտրությունների հետ։ Մեր նախագահության կարգախոսը բաղկացած է երեք բառից՝ պաշտպանել, ուժեղացնել եւ պատրաստել։ Նպատակները կարող ենք ամփոփել մեկ նախադասությամբ՝ պաշտպանել եվրոպացի քաղաքացիներին՝ միաժամանակ ամրապնդելով մեր տնտեսության կայունությունն ու Եվրոպային պատրաստելով ապագային: Խոսքը նախ այն օրենսդրական գործընթացները կյանքի կոչելու մասին է, որոնք ներառված են Եվրամիության 2019-2024 թվականների ռազմավարական օրակարգում, բայց նաեւ կարեւոր է Եվրամիության հետագա տարիների ռազմավարական օրակարգի նախապատրաստումը։ Բելգիայի նախագահության առաջնահերթություններն ընդհանուր առմամբ վեցն են, որոնք ակնհայտորեն համապատասխանում են Եվրամիության մեծ հավակնություններին․ երաշխավորել օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ միասնությունը, ուժեղացնել Եվրամիության տնտեսական մրցունակությունը, ապահովել անցումը կանաչ տնտեսությանը, աշխատել եվրոպական սոցիալական օրակարգը համախմբելու, եվրոպացիներին եւ Եվրոպայի սահմանները պաշտպանելու ուղղությամբ եւ վերջապես պատկերացնել Եվրամիության ապագան: Օրենսդրական մակարդակով Բրյուսելի իմ գործընկերները նման են օդային երթեւեկության վերահսկիչներին, որոնք փորձում են հնարավորինս շատ նախագծերի վայրէջքն ապահովել: Եվ դա տեղի է ունենում գրեթե ամեն օր՝ լինի դա կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նախագիծը, որը ճանապարհ է հարթում Եվրամիության ներսում ներդաշնակեցված պատժամիջոցների համար, Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրման վերաբերյալ վերջին համաձայնագիրը, թե բնապահպանական մակարդակի, Շենգենյան գոտին ավելի ճկուն դարձնելու, եվրոպացիների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող անդրսահմանային սպառնալիքներին ուղղված նոր կանոնների վերաբերյալ նախագծերը։ Եվրոպան հաճախ է դիտարկվել եւ իրավացիորեն համարվում է նորմատիվ ուժ, սակայն, ներկայիս աշխարհաքաղաքական ցնցումներով պայմանավորված, մեր նախագահության օրակարգում են նաեւ Եվրոպայի ապագայի ռազմավարական հարցերը։ Այսպիսով, մեր նախագահության երկրորդ փուլի օրակարգը կլինի ԵՄ-ի 2024-2029 թվականների ռազմավարական օրակարգի նախապատրաստումը:
Նշեցիք, որ Եվրոպայի համար առաջնահերթություն է Շենգենյան գոտու ճկունության ապահովումը։ Վերջերս ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարեց, որ ԵՄ-ն սկսում է քննարկել Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը եւ որքանո՞վ է Բելգիան պատրաստ աջակցել Հայաստանին այս հարցում։
Սա Եվրամիության եւ Հայաստանի միջեւ քննարկումների առանցքային թեմա է: Եթե հիշում եք, վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթում հստակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս հեռու գնալ Եվրոպայի հետ հարաբերություններում։ Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ արդեն գոյություն ունի վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիր։ Եվրոպական Միության եւ Հայաստանի նոր գործընկերության օրակարգային թեմաների թվում, իհարկե, կա վիզային ռեժիմի ազատականացումը, որը ներառում է մի շարք բարեփոխումներ։ Բելգիան կողմ է այս թեմայի շուրջ երկխոսությունը շարունակելուն։
Դուք նաեւ առիթ եք ունեցել հետեւել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։ Ո՞րն է Ձեր գնահատականն այս առաքելությանը։
Քաղաքացիական առաքելության դերն Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով անվտանգության իրավիճակի դիտարկումն ու զեկուցումն է։ Այն նաեւ նպաստում է հակամարտությունից տուժած բնակչության անվտանգությանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորմանը: Եվրոպական առաքելությունն ամենօրյա կապի մեջ է մտնում տեղի բնակչության հետ, որոնցից հավաքում է տեղում իրավիճակի մասին նրանց տպավորությունները՝ տրամադրելով արժեքավոր տեղեկատվություն հակամարտության հետեւանքների վերացման դեմ պայքարելու համար: Այս առաքելությունը գործիք է՝ աջակցելու եվրոպական միջնորդությանը եւ շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Առաքելությունը, որը փետրվարի 20-ին կնշի իր առաջին տարեդարձը, շուտով կընդլայնվի, ինչը Բելգիան ողջունում է։