Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Խոսքը «Սիներջի» ընկերության կալանավորված ներկա և նախկին երկու աշխատակիցների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի մասին է: Անի Գևորգյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է: Երկու կանայք էլ ունեն անչափահաս երեխաներ, և անգամ այդ հանգամանքը դատարանը հաշվի չէր առել՝ նրանց կալանավորելով ըստ էության միջին ծանրության հանցանք կատարելու համար:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
168.am-ը գրում է. "Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, Լիլի Մկրյանն ու Աշոտ Հովհաննիսյանը մեղադրվում են այն բանում, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի միջոցով գնման գործընթացում խաղից հանել են կոնկուրենտ «Հարմոնիա» ընկերությանը: Ուշագրավն այն է, սակայն, որ այս ենթադրյալ հանցանքի պարագայում կատարող էկոնոմիկայի փոխնախարարը չէր կալանավորվել, իսկ «Սիներջիի» աշխատակիցները՝ որպես օժանդակողներ, կալանավորվել էին:
Առևտրային կազմակերպության՝ «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:
ՔՊ-ականների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացել՝ «Բա որ պիտի ցուցմունք տար, մեզ խի՞ խառնեցին» բովանդակությամբ: Դժգոհության պատճառը ոչ միայն այն է, որ Անի Գևորգյանը ցուցմունք է տվել, այլ այն, որ նա ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ, առավել ևս, որ ՔՊ-ականներից շատերը 2018-ի հեղափոխոխություն կոչվածի ջատագով Աշոտ Հովհաննիսյանին համարում են «յուրային», առավել ևս, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի մակարդակով աջակցել էին նրան":
Եվ իսկապես, 168.am-ի տեղեկություններով՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանքը չի փոխվել, որովհետև ըստ էության Անի Գևորգյանն իր ցուցմունքի մեջ ասել է, որ ճիշտ է, կատարել է իր գործառութային պարտականությունները, սակայն դրանք կատարել է Աշոտ Հովհաննիսյանի ցուցումով: Բացի դրանից, մեր տեղեկություններով՝ Անի Գևորգյանը նաև իրեն առաջադրված մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել: