Կարեւոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից. Պեսկով
Ռուսաստանը, նախքան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցը, կարիք ունի իր հայ գործընկերների որոշակի հավաստիացումների՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, իհարկե, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից։ Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին մենք հանձնառու ենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը նախօրեին հարցազրույց է տվել և խոսել Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի և հնարավոր զարգացումների մասով: Մասնավորապես, նա ասել է. "Ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ՞: