23.11.2024
ՊԵԿ. Ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ չեն լինի
prev Նախորդ նորություն

ԿԲ-ը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով

2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%, այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Կենտրոնական բանկն այս տարվա մեջ մի քանի անգամ վերանայել է երաֆինանսավորման տոկոսադրույքը՝ իջեցման միտումով: Նախ, փետրվարի 29-ին տոկոսադրույքը 8.75%-ից իջեցվեց մինչև 8.5%։ Մարտի 31-ին 8.5%-ից հասցվեց 8.25%-ի։ Մայիսի 31-ին 8.25%-ից հասցվեց 7.75%-ի։ Հունիսի 30-ին 7.75%-ից հասցվեց 7.5%-ի։ Օգոստոսի 31-ին 7.5%-ից հասցվեց 7.75%-ի։ Դրան հաջորդեց կես տոկոսային կետով նվազեցման մասին (սեպտեմբերի 27-ին) որոշումը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջել է 2.5 տոկոսային կետով:

2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում: Այդուհանդերձ, առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի և զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ: Աստիճանաբար շարունակվում է նաև ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Այդուհանդերձ, Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը և փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որոնք առավել հավանական են դարձնում 2017 թ. համար նախանշված գնաճի՝ կանխատեսման միջակայքի ստորին հատվածում պահպանվելը: Այս պարագայում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում հերթական անգամ թուլացնել դրամավարկային պայմանները:

Խորհուրդը կարծում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձևավորել 2017 թ.գնանկումային միջավայրը հաղթահարելու և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:

Միևնույն ժամանակ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տոկոսադրույքները բավականին նվազել են և ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են, սակայն ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին և անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.75 % և 4.75 %: