24.11.2024
Հասկանալի չէ՝ ընդդիմություն ասվածն ինչո՞վ է տարբերվում, օրինակ, ֆուռերի վարորդներից
prev Նախորդ նորություն

Երևանի ավագանիում թեժ է լինելու. ո՞վ կօգնի ՔՊ-ին. ՄԱՄՈԻԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվելու, օրակարգում ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին, Գեւորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցն է: Բայց ՔՊ-ն եւ դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն բավարար ձայներ, եւ եթե մյուս 3 ֆրակցիաներից ոչ ոք չմասնակցի նիստին, քվորում չի լինի, նիստը կտապալվի։ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը» եւ «Մայր Հայաստանը» հայտարարել են նիստը բոյկոտելու մասին, Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, «Հանրային ձայնի» անունից է վստահեցրել, որ չեն մասնակցելու նիստին եւ առհասարակ` բոլոր նիստերին, կոչ անելով գնալ նոր ընտրությունների։ Բայց ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ «Հանրային ձայնից» նիստին մասնակցող կլինի։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կերեւա այսօր, բայց հնարավոր է, որ անգամ եթե այսօրվա նիստը տապալվի, որոշ ժամանակ անց այն կրկնեն եւ հաջողության հասնեն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Երեւանի ավագանիում թեժ իրավիճակ է սպասվում. քննարկվելու է ավագանու հինգ անդամներին մանդատից զրկելու հարցը: Իշխանությունների թիրախում այս անգամ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը, Գեւորգ Ստեփանյանը եւ Նարինե Հայրապետյանը, որն իր շուրջ բարձրացած աղմուկից հետո լքել է Հայաստանը: Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հիմքը բացակաների թույլատրելի քանակը անցնելն է ու քվեարկություններին չմասնակցելը: Երեւան քաղաքում, ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Ավագանին բաղկացած է 65 անդամից, այսինքն՝ որպեսզի ավագանու անդամները զրկվեն մանդատից, անհրաժեշտ է լինելու 33 ձայն: Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը եւ նրանց հետ կոալիցիոն հուշագիր կնքած «Հանրապետությունը»-ը միասին ունեն 32 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33: Այսինքն՝ ստացվում է՝ եթե իշխանություններին հաջողվի ընդդիմադիրներից մեկ ձայն կորզել, ապա կհասնեն իրենց նպատակին, ու ընդդիմադիր ավագանու հինգ անդամները կզրկվեն մանդատներից:


«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գնալու են քաղաքապետարան, բայց նիստին քվորում չեն ապահովելու, «Հանրային ձայն» խմբակցությունից նույնպես հայտնեցին, որ չեն մասնակցելու նիստին: Այսպիսով, եթե ընդդիմադիրները վերջին պահին չմտափոխվեն ու հետ չկանգնեն իրենց որոշումից, ապա քաղաքային իշխանությանն այսօր չի հաջողվի հասնել իրենց նպատակին ու մանդատից զրկել ընդդիմադիր ավագանու անդամներին:»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին անակնկալի է բերել Նիկոլ Փաշինյանի` իրենց եթերում արտահայտած հակահայ մտքերի ռեկորդը եւ դրանց` հարցազրուցավարի կողմից զրո հակադարձումը, եւ նա նախօրեին հայտարարություն տարածեց՝ անհաջող հարցազրույցի համար ներողություն խնդրելով իրենց ունկնդիրներից եւ գնահատական տալով ՔՊ-ի վարած քաղաքականությանը: Ռադիոյի աշխատակազմից տեղեկացանք, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել հյուրընկալվել Ռադիոյին` հարցազրույց տալ, ավելին՝ տնօրինությունը հարցազրույց վարելու համար մի քանի պատրաստված լրագրողի անուն է տվել, սակայն Փաշինյանն ինքն է ընտրել «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը եւ դրա վարող Բարեղամ Ղուկասյանին: Հավանաբար` նախապես ուսումնասիրել են նրա վերաբերմունքը եւ պատրաստվածության աստիճանը, որ իր վիճելի մտքերին չհակադրվեն եւ դրանց սնանկությունը եթերում չբացահայտեն: Ընդ որում` նախօրեին էին տեսագրել-ձայնագրել հարցազրույցը, սակայն այդ օրը հեռարձակում էին «ուղիղ եթեր» խորագրի ներքո։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԱԾ մեկուսարանը արդեն 5 օր է, ինչ մնացել է առանց պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավապահ համակարգի հետ միասին փնտրում է թեկնածու, որը կկարողանա ղեկավարել «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ն: Քննարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանին նշանակել ԱԱԾ մեկուսարանի պետ, բայց դեռ վերջնական որոշում չկա։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ական պատգամավոր Մելքոնյանի որդին իր ազատման հարցը խիստ ծանր է տարել, սակայն բացատրել են, որ խնդիր կա մեկուսարանում, ու դա պետք է լուծվի, իսկ ինքն անկարող է: Ի դեպ, Խալապյանը ԱԱԾ մեկուսարանի նախկին պետն էր, որին հեռացրին ու Գագիկ Մելքոնյանի որդուն նշանակեցին նրա փոխարեն: Եվ, ահա, Խալապյանին կրկին ցանկանում են տանել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվար ամսին 200-ից ավելի ուսանողների ցանկանում է անօթեւան թողնել։ Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանն այն ժամանակ, երբ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը նոր է սկսվել։ Մեզ հասած տեղեկություններով, հանրակացարանի բնակիչներին մինչեւ մարտ ամիսը ժամանակ է տրվել, որպեսզի լքեն հանրակացարանը: Իսկ թե նրանք որտեղ պետք է բնակվեն, ինչպես պետք է բնակարան վարձեն, նախարարությանը, կարծես, առանձնապես չի հուզում: Զեյթունի հանրակացարանի բնակիչները հիմնականում այն ուսանողներն են, որոնք անշարժ գույքի վարձակալության թանկացումների ֆոնին ի վիճակի չեն եղել բնակարան վարձել, հիմա առավել եւս չեն կարողանա։ ԿԳՄՍ նախարարությունից մեր ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ պատրաստվում են վերանորոգել հանրակացարանը, իսկ հարցին, թե արդյոք վերաբնակեցնելո՞ւ են հանրակացարանում ապրող ուսանողներին, եւ ինչպե՞ս է ապահովվելու նրանց ուսման շարունակականությունը, պատասխանել են, թե այդ հարցը դեռեւս քննարկում են, բայց մենք տեղեկացանք, որ հանրակացարանի տնօրինությունն արդեն ստացել է նամակը, եւ ոչ մի այլընտրանք ուսանողներին չի առաջարկվելու։ Մեր տեղեկություններով՝ հանրակացարանի վերանորոգման համար 700 միլիոն դրամից ավելի գումար է հատկացվել, նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։ Շինարարությունն իրականացնելու է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ն։ Նշենք, որ Զեյթունի հանրակացարանում բնակվում են նաեւ Արցախից տեղահանված ընտանիքներ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 2019 թվականից էր բուհերի խոշորացման մասին շրջանառվող հայեցակարգի նախագիծը քննարկվում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը համալսարանների միավորման եւ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դեռ նախորդ տարի՝ հուլիս ամսից ՀՀ պետական բուհեր եւ գիտահետազոտական կազմակերպություններ էր ուղարկել հայեցակարգ։ Բուհերին հանձնարարված է եղել նամակին պատասխանել մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը։ Բանն այն է, որ մինչ այսօր ՀՀ պետական բուհերից եւ գիտահետազոտական կազմակերպություններից նամակին արձագանքել են ընդամենը 2 բուհ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նշված բուհերն են պատասխանատու եղել պատասխանել։ «Որոշակի մոտեցում այս բուհերը ներկայացրել են, դրական, թե ոչ, չեմ կարող ասել։ Տնտեսագիտական համալսարանն իր հիմնավորումներն է բերել։ Այս բուհերի պատասխանը ցույց է տալիս նրանց պատասխանատվության մասին»:


Հավելենք նաեւ, որ նշված հայեցակարգն իրենից ենթադրում է բուհերի խոշորացում եւ գիտահետազոտական կազմակերպությունների միավորում։ Միավորումն իրականացվել է մի քանի ուղղությամբ՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների եւ սպայական։ Հայեցակարգի վերաբերյալ 8 ամսվա ընթացքում արձագանք է ներկայացրել 2 բուհ։ Նույնիսկ բուհերի կողմից պատասխան չուղարկելն է պատասխան, քանի որ բազմիցս ենք նկատում, թե համալսարաններում եւ՛ ուսանողների, եւ՛ դասախոսների կողմից ինչպիսի կոպիտ արձագանք է հնչում բուհերի միացման վերաբերյալ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսեւորել «Սիներջիի» ներկա եւ նախկին աշխատակցուհիների` մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ` կալանք միջնորդելով, այլեւ, պարզվում է` լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել: Մասնավորապես` արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, եւ նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես կանոն, կիրառվում են հոգեբանական ճնշումներ գործադրելու, «զոհերից» անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, որպեսզի խախուտ մեղադրանքը մի կերպ հիմնավորեն կամ իրենց ուզած անձի դեմ ցուցմունքներ պոկեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Պատգամավորները, չճանաչելով այս անձանց, որոշել են երաշխավորել, որ նրանք չեն թաքնվի քննությունից եւ չեն խոչընդոտի: Իշխանականներն այս հարցը քննարկել են ԱԺ երեկ կայացած խորհրդի նիստի ժամանակ ու երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկման ժամանակ ՔՊ-ականները երկու մասի են բաժանվել ու տարբեր կարծիքներ են ունեցել: Նրանց մի մասն ասել է, որ պետք չէ խառնվել գործին, քանի որ այն իրավապահների տիրույթում է, ու եթե միջնորդություն ներկայացնեն, ապա կստացվի՝ միջամտում են իրավական գործընթացին, չեն վստահում, իսկ մյուս մասն էլ հետեւյալ կերպ է բացատրել դրա անհրաժեշտությունը. Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանն իրենց խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեն, իսկ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը պատկառելի տարիք ունի, ուստի նրանց դեպքում կալանավորումը խիստ որոշում է: Արդյունքում իշխանականներին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ, ու, ի վերջո, որոշում են կայացրել, որ պետք է երաշխավորություն ներկայացնեն ողջ կազմով: 71-հոգանոց ՔՊ խմբակցությունից 64 պատգամավոր միացել է ստորագրահավաքին. պատգամավորներից մի քանիսը վատառողջ են եղել ու չեն կարողացել գալ ԱԺ, իսկ եւս երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի փոխքաղաքապետի օգնականը 2.5 մլն դրամ է փոխանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իբրեւ նվիրատվություն: Կոռուպցիայի դեմ պայքարող հեղափոխականներին այս թվերը չեն հետաքրքրում: Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները: Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է եղել» կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը: ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 մլն 085 հազար 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար, սակայն շատ նվիրատուների անունները գաղտնի են պահվել: ՔՊ-ի դրամահավաքին, ինչպես արդեն գրել էինք, հանգանակություններ էին արել «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն՝ 700 հազար դրամ,


ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության պետ Գոռ Բակլաչյանը՝ 250 հազար դրամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ 100 հազար դրամ, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը՝ 2 մլն դրամ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը՝ 1 մլն դրամ, եւ այլ հետաքրքիր դեմքեր։ Այս անգամ ներկայացնում ենք ցուցակի հաջորդ հետաքրքիր քառյակին։ ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Սեպտեմբերի 17-ին կայացած՝ Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսեւորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երեւանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված եւ ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը եւս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթեւ Հակոբյանը։


Բանն այն է, որ Տաթեւ Հակոբյանն այժմ հանդես է գալիս Տաթեւ Մարգարյան անուն-ազգանունով։ Նա այն ժամանակ ԱԺ պատգամավո Արմեն Փամբուխչյանի օգնականն էր, հետո, երբ Փամբուխչյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Տաթեւ Մարգարյանին իր հետ տարավ։ Նույնը կատարվեց, երբ Փամբուխչյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ. Տաթեւ Մարգարյանին կրկին նշանակեց իր օգնական։ Հետաքրքիր է՝ օգնականին որտեղից նման գումարներ, որ փոխանցել է: Այս հարցն էլ փորձեցինք պարզել Տաթեւ Մարգարյանից, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ճիշտ է, ես այդքան հարուստ չեմ։ Քանի որ շտաբում էի, կազմակերպչական հարցերով պատասխանատու ու ակտիվ աշխատանքների մեջ էի, ընկերներ, կուսակցականներ, լիքը մարդ հավաքվեց, կպանք իրար, ես իջա արեցի»: Հետաքրքիր է՝ արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որեւէ ընթացք կտա նման երեւույթներին եւ կխորանա ՔՊ դրամահավաքի պաշտոնյա նվիրատուների ֆինանսական աղբյուրները բացահայտելու գործով։»։