1.12.2024
Ապրում ենք ՀՀ-ում, և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը. ԿԳՄՍ նախարար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պիտի դադարի լինել թիրախ, օգտագործվել որպես առուծախի միջոց. Արշակյան

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի աղմկահարույց հարցազրույցին․  


«Նախ պետք է արձանագրել, որ Հանրային ռադիոյի տանտերը հանրությունն է, ռադիոյի տնօրենը՝ ընդամենը ռադիոյի տնօրենն է։


Պետք է արձանագրել նաև, որ իսկապես ասվել է, որ պետք է դադարել, սակայն դադարել լինել գործիք, դադարել լինել անուրջներով ապրող։ Ասվել է, որ ուժեղը ուժեղացնում է իր պետությունը,այն ինչն ունի, ոչ թե նպատակադրվում է ունենալ մի բան, որն իրենը չէ,օրինական չէ. իհարկե հեռավոր անուրջներում շատ կապված է իր հետ, որովհետև այնտեղ ապրել են իր նախնիները, անցյալում իրենն է եղել, սակայն այսօրվա իրողությամբ նա ունի մի բան, որն իր խնամքի ու հոգատարության կարիքն ունի այսօր և հիմա, իրականում, ոչ թե անուրջներում։


Այո՛, եկեք ուժեղանանք, եկեք դադարենք մեր ունեցածը, աշխարհի կողմից մե՛րը,ճանաչվածն աղտոտել, երբ մեր ուշադրության կարիքն ունի՝ անտեսել, երբ մեծարման կարիք ունի՝ թերագնահատել, երբ ջերմության կարիք ունի՝ լքել, երբ մեր ծառայության կարիքն ունի՝ խուսանավել, ճողոպրել, ծուլանալ, երբ մեր բազկի ուժի կարիքն ունի՝ դավաճանել։ Եկեք սիրենք մեր Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև գոյություն ունի Աստվածաշնչյան ճշմարտություն․ «Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, ունեցածն էլ նրանից կվերցվի»:


Խաղ է ժամանակ շահելու՞, գոնե «շահած» տասնյակ տարիների պատմությունը պիտի հուշի, որ ժամանակ շահելու հայկական «շուստրիությունը» չի աշխատում։ Ընդ որում, ժամանակ շահելու հայկական «շուստրիությանը» հավատացել են միայն Հայաստանի «շուստրի» իշխանությունները, ովքեր ժողովրդին հենց այդ տրամաբանության մեջ․ «ժողովուրդ ջան, դիմացեք, պիտի աղքատ ապրեք, զրկանքներ կրեք, որովհետև մենք ժամանակ ենք շահում և ուժեղանում ենք, բանակ ենք կառուցում»։ Իսկ իրականում մսխում էին առանց այդ էլ ջլատված երկրի հարստությունը։


Հավանաբար շատերը երջանիկ կլինեին, եթե այս թմբիրը շարունակվեր, սակայն խորը քնից արթնացողի դժկամությամբ արձանագրում են, որ իրենց այլևս ոչ ոք չի պատրաստվում քնեցնել,սնել անուրջներով,կերակրել պատմական արդարությամբ,կուրացնել ատելության սերմանմամբ։


Հանրային ռադիոյի տնօրենը սովորական երկրների շարքին է դասում Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները, իսկ Հայաստանը՝ անսովորների,հատուկների, հիմնավորելով, թե հայերին սպառնում է ցեղասպանություն,նոր ցեղասպանություն։


Վերջին հարյուրամյակում Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայում տասնյակ երկրներ են առաջացել ու անհետացել քարտեզից, ցեղասպանություն, քիմիական զենքի կիրառումներ, նացիզմ, կոմունիզմ, փառահեղ հաղթանակներ ու նվաստացուցիչ պարտություններ, ավերակներ ու կոտորած,տասնյակ միլիոնավոր զոհեր։


Հասկանում եմ, որ դժվար է լինել մեկը բոլորից՝ իր առանձնահատկություններով ու տարբերություններով, սակայն մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, և, միաժամանակ,պատմության ընթացքի համար, մեկը բոլորից՝ բոլորի պես երջանիկ, բոլորի պես դժբախտ, բոլորի պես առանձնահատուկ, բոլորի պես յուրահատուկ, բոլորի պես ուժեղ, բոլորի պես ազատ, բոլորի պես պատերազմի դաշտում զինվոր, իսկ տնօրենի սենյակում՝ տնօրեն, եկեղեցում՝ սպասավոր, իսկ Ազգային ժողովում՝ քաղաքական գործիչ, մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, պատասխանատու բոլորի համար։ Իրողությունն այն է, որ մենք մեկն ենք բոլորից, լեզվական ու մշակութային առանձնահատկություններով, ավանդույթներով, հոգևոր ու նյութական ժառանգությամբ, առավելություններով ու թերություններով, ամբողջի մաս ենք և մեզանով լրացնում ենք ամբողջը։


Այլևս ցեղասպանված չլինելու՝ տնօրենի ձևակերպած պետական նպատակը միայնակ չի՛ կարող լինել պետության նպատակ, սակայն նույնիսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դադարել լինել լեգիտիմ թիրախ, դադարել նետել մարտահրավեր, որը քոնը չի՝ ուրիշինն է, պետք է դադարել ստրկանալ սեփական ատելությանը՝ ներմուծված ատելությանը։ Այո՛, պատճառներ շատ կան ատելու, բայց անհնար է լինել Ազատ, եթե լցված ես ատելությամբ, կարևոր չէ, թե ում կամ ինչի հանդեպ, կարևոր չէ, թե ինչ պատճառով։ Նույնիսկ պատերազմելիս ատելությունն ավելորդ է։ Պետք է ապրել ու արարել սեփական առաջնահերթությամբ, սեփական օրակարգով,ելնել քո՛ ժողովրդի ու պետության շահերից,դադարել լինել գործիք ու մանրադրամ,սակարկման կույր առարկա։


Ես միայն խղճահարություն եմ զգում բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են որպես բացարձակապես ցեղասպանությունից փրկվելու միջոց կամ Արցախի հարցը սպասարկելու միջոց կամ պատմական արդարության վերականգնման միջոց. սա այնքան տխրեցնող է։


Հայաստանի հանրապետությունը պիտի դադարի լինել թիրախ, օգտագործվել որպես առուծախի միջոց. ժողովրդին պետք չէ կուրացնել ատելությամբ. մենք պետք է վերագնահատենք ունեցած երազանքներն ու նպատակները, Հայաստանում մարդիկ պիտի լինեն ազատ ու ստեղծագործ, հոգատար իրենց ունեցածի նկատմամբ՝ տիրոջ իրավունքով, ուժեղ և պատրաստ ցանկացած պահի, առանց ատելության և առանց երկմտանքի պաշտպանել այն ամենն ինչ ունենք՝ եղբայրաբար, կողք կողքի։


Եվ սա մե՛ր նպատակն է, մե՛ր խնդիրը, ոչ թե՝ այլոց։ Սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, որ պետք է տարվի առանց ավելորդ հույզերի՝ սառը դատողությամբ, ինքներս մեզ հետ»։