Սահմանադրական փոփորությունների շուրջ քննարկումները նոր թափ կստանան
Այսօր Արդարադատության նախարարությունում անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ, որի հիմնական օրակարգում խորհրդի աշխատանքների հետագա պլանավորումն էր` սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր զարգացումներին համահունչ:
Խորհրդի անդամները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման, խորհրդի նիստերի պարբերականության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանրային հաղորդակցության հարցերը: Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին:
Այս շաբաթ Հայաստանի իշխանությունները սկսեցին ակտիվ քննարկումներ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հրատապ անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով, Հայաստանի հիմնական օրենքի որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանին պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն` փոփոխվող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական միջավայրում ավելի մրցունակ դառնալու:
Փաշինյանն այնուհետև փաստացի հայտարարեց, որ նոր սահմանադրությունում չպետք է հղում պահպանվի Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է պարունակում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի` «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի որոշմանը։
Փաշինյանն Հանրային ռադիոյի հետ զրույցում ուղիղ հայտարարեց` պատերազմ կլինի, եթե Անկախության հռչակագրում պահենք Արցախի հարցը: