24.11.2024
Առաջարկվում է կանոնակարգել ռազմավարական նշանակության ապրանքների արտաքին առեւտուրը
prev Նախորդ նորություն

Կառավարությունն առաջարկել է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:


Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում:


Մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝ երկու եւ ավելի անգամ օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները, ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որեւէ մեկով խախտում, համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն եւ ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:


Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից եւ կկիրառվի այդ ամսաթվից հետո հարկային մարմնին ներկայացվող շահաբաժնից պահված եկամտային հարկը ետ ստանալու դիմումների վրա:


Արման Պողոսյանը հայտնել է, որ 2020 թվականին վերադարձվել է 4,4 մլրդ դրամ, 2021 թվականին՝ 9,6 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 10,5 մլրդ դրամ, իսկ 2023 թվականին՝ 16 մլրդ դրամ:


Պատգամավորները ներկայացրել են որոշ առաջարկներ եւ դիտողություններ՝ կապված հարկային վարչարարության խստացման հետ: Արման Պողոսյանն այս համատեքստում նշել է, որ նախագծի նպատակը կարգապահության խրախուսումն է, ինչպես նաեւ այն մոտեցումը, որ ոչ օրինապահ վարքագիծ դրսեւորող ընկերությունները չլինեն այս համակարգում:


Պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվել է, թե քանի նման ընկերություն է օգտվում նշված արտոնությունից: Արման Պողոսյանի տեղեկացմամբ 2023 թվականին այս հնարավորությունից օգտվել են շուրջ 3550 կազմակերպությունների բաժնետերեր, նախորդ տարիներին թվերն ավելի փոքր են եղել: Այդ կազմակերպությունների ցանկում եղել են նաեւ բանկեր:


Ֆինանսների փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել պատգամավորների առաջարկները:


Նախագծի քննարկումը հանձնաժողովի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: