25.11.2024
Փորձագետներ. Ռուսաստանը և Թուրքիան տնտեսական հարցերը չեն դնում քաղաքական զոհասեղանին
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Թուրք-ուկրաինական հարաբերությունները չեն զարգանա ընդդեմ Ռուսաստանի

Թուրքիան չի ցանկանում տեսնել այլ տարածաշրջանների պետությունների ռազմական ներկայությունը Սև ծովում: Այդ մասին Ռիա-Նովոստիին հայտարարել է Անկարայի ТОВВ համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ և քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը:

«Թուրքիան ցանկանում է հասնել այն ստատուս-քվոյին, որն առկա էր Սև ծովում մինչև ուկրաինական ճգնաժամը: Մենք չենք ցանկանում տեսնել այնտեղ ոչ սևծովյան խաղացողներին, քանի որ այդ ժամանակ նեղուցների կարգավիճակի շուրջ խնդիրներ կծագեն: Այսօր Սև ծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նավերի առկայության ռեկորդներ են սահմանվում, որոնք տարբեր զորավարժություններ են անցկացնում: Չնայած Թուրքիան էլ է դրանց մասնակցում, սակայն մեզ համար այս իրավիճակը անընդունելի է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների և ՌԴ-ի զորավարժությունները տարածաշրջանում սրում են իրավիճակը»,-նշել է Իսմայիլը:

Քաղաքագետը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծման օգտին և քիչ հավանական է, որ Թուրքիան զենքեր մատակարարի այդ երկրին:

«Անկարան Կիևի հետ չունի ռազմական համաձայնագրեր, որոնց շրջանակներում հնարավոր կլիներ զենք մատակարարել այդ երկրին: Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և առանց դաշինքի թույլտվության նա դա չի անի: Թուրքիան ինքնուրույն երկիր է և անշուշտ իրավունք ունի համագործակցել ցանկացած երկրի հետ՝ցանկացած ոլորտներում, սակայն զենքերի առաքումները լուրջ հարց են: Չեմ կարծում, որ թուրք-ուկրաինական հարաբերությունները կզարգանան ընդդեմ Ռուսաստանի: Մենք չենք ցանկանում և չենք մասնակցելու այն ամենում, ինչը կարող է սրել ռազմական հակամարտությունը»,-հավելել է նա: