25.11.2024
Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

«Ծայրահեղ այլանդակություն է». Արամ Մանուկյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին

Aravot.am-ի խնդրանքով՝ ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:


«Ծայրահեղ այլանդակություն է»


«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է», – մեզ հետ զրուցելիս ասաց Արամ Մանուկյանը:

«Պահանջում են թույլից»


Քաղաքական գործիչը հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդպիսի պահանջ չի ներկայացվել Երևանին: «Որովհետև պահանջում են նրանից, ով թույլ է, վախեցած և պատրաստ զիջումների», – նշում է ՀԱԿ փոխնախագահը: Անդրադառնալով Արարատ լեռան թեմային՝ Մանուկյանը հայտնեց, որ Թուրքիային հետաքրքրիր չէ Հայաստանի խորհրդանիշերում Արարատը կա, թե ոչ, բայց այն հեռացնելու պահանջ են դնում՝ որպես «թույլին խեղճացնելու միջոց»:


«Փաշինյանի նման աննախադեպ բան էր» Մանուկյանը զուգահեռներ արեց եվրոպական մայրցամաքում առկա նույնանման ազգային կոնֆլիկտների հետ՝ ընդգծելով, որ «Եվրոպայում չկա մի պետություն, որը կողքի պետության հետ ինչ-որ խնդիր չունենա»: Նա որպես օրինակ բերեց Հունաստանի անհաշտությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ, վերջինիս անվան առնչությամբ՝ հավելելով, որ «սա չի նշանակում, որ մի պետությունը մյուսին կարող է պահանջներ ներկայացնել իր անվան կամ պետական սիմվոլների հետ կապված»: Նախկին պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը «իր նման աննախադեպ բան էր»:


«Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը» Մեր հարցին ի պատասխան՝ արդյո՞ք, այնուամենայնիվ, պետք է փոխել մայր օրենքը, Արամ Մանուկյանը շեշտեց, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել, կարող է փոփոխությունների ենթարկվել: «Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարելով՝ Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ունի անփոփոխելի հոդվածներ, ինչը նշանակում է, որ այն հիմնովին չի կարող փոխվել, նույնիսկ հանրաքվեի միջոցով», – Aravot.am-ին փոխանցեց Արամ Մանուկյանը:


«Գեղցու շուստրիություն է»


Միևնույն ժամանակ ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ Փաշինյանը չի գնա Սահմանադրությունը Անկախության հռչակագրից անջատելու համար սահմանադրական փոփոխության հանրաքվեի, և դրա համար երկու պատճառ է բերում: «Նախ, նրան չեն թողնի գնալ այդ քայլին: Երկրորդ, նրան ոչ ոք չի աջակցելու: Այդ դեպքում կարող եք հարցնել՝ այսպիսի հայտարարություններ ինչո՞ւ է անում: Որովհետև նա բլեֆ է անում, խաբում է, ձգձգում է, որպեսզի դրսին ցույց տա, թե նա պատրաստ է գնալ այդպիսի փոփոխությունների, բայց չի գնա դրան, ինչպես չի գնա պայմանագիր ստորագրելու: Նա փախչում է խնդրից, մինչև…չգիտեմ մինչև ինչ», – կարծում է Մանուկյանը, հավելում՝ «Փաշինյանը ոչ իր գործընկերների հետ է անկեղծ, ոչ էլ իր ժողովրդի: Նա ուղղակի գեղցու շուստրիությամբ է զբաղված»: