23.11.2024
Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ
prev Նախորդ նորություն

Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին երեխայի խնամքի համար աջակցություն կտրամադրվի

Կառավարությունը հաստատեց Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը:


2022 թվականի հունվարին հաստատվել է նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածների ծնողները հնարավորություն պետք է ունենային վերարտադրողականության բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով երեխա ունենալ: Այդ երեխաների խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ԱՍՀՆ-ն առաջարկում է դա կազմակերպել դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով:


«Նախատեսում ենք 104 հազար դրամի սահմաններում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները դայակի և նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպվեն»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ քանի՞ ընտանիքում են նման երեխաներ ծնվել: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ սկսած 2021 թվականից՝ զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 54 երեխա, որից ծրագրի շահառու է 32-ը: Մյուսները բուժման տարբեր փուլերում են, կան նաև հղի կանայք:


Վարչապետը տեղեկացրեց, որ նախքան Կառավարության նիստի մեկնարկը հարցի վերաբերյալ քննարկում են ունեցել, որի շրջանակում պարզվել է, որ նախագծում սահմանափակում կա. գումարը չի կարող ստանալ անձը, որը երեխայի հետ նույն հասցեում է բնակվում: Նիկոլ Փաշինյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ սահմանափակումը պետք է հստակեցվի՝ թույլ տալով, որ երեխայի դայակ լինի նաև ընտանիքի անդամը, օրինակ՝ տատը կամ այլ բարեկամ:


«Մեր շահառուն երեխան է, մենք ուզում ենք, որ երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծենք, և եթե հանգամանքն այնպիսին է, որ երեխայի հարազատներից մեկը պետք է այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ: Մեր խնդիրն այն չէ՞, որ երեխային օգնեն: Այս ծրագրով ինչ-որ տեղ գործազուրկ դայակներ կան, ուզում ենք իրենց աշխատանքի՞ տեղավորել, դա՞ է մեր խնդիրը: Կարծում եմ՝ դա չէ մեր խնդիրը: Մեր խնդիրն այն է, որ երեխան լավ ծառայություն ստանա: Եթե այդ ծառայությունը պիտի իր հարազատ տատիկը մատուցի, շատ լավ, Կառավարության նպատակն էլ դա է»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ շահառուների այս խմբի համար նման բացառություն կարելի է սահմանել: