Հայաստանի Հանրապետությունն ու Բոտսվանայի Հանրապետությունը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ:
Դեկտեմբերի 14-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեն ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն:
«Իսկապես մենք նոր գլուխ ենք բացում մեր հարաբերություններում: Մենք ֆորմալ առումով հիմնադրում ենք այդ հարաբերությունները, առնվազն դիվանագիտական մասը: Եվ լիահույս ենք, հետագայում մեր աշխատանքի շնորհիվ, նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, զարգացնել մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, մինչև գիտություն, կրթություն, նաև համագործակցություն միջազգային հարթակներում»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Լեմոգանգ Կվապեն ևս լիահույս է տարբեր ոլորտներում համագործակցության առումով: Նա նկատեց՝ երկու երկրներն ունեն նման անցյալ, մենք նման իրավիճակների միջով են անցել:
«Հույս ունեմ, որ նոր դռներ են բացվելու ոչ միայն մեր երկրների, այլ նաև ժողովուրդների համար: Ամենակարևորը՝ մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, զարգացման արժեքներ: Եվ այսօրվա մեր հանդիպումը վկայում է դրա մասին, դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյունքում սպասում եմ, որ մեր ժողովուրդները, մենք՝ որպես քույր-եղբայրներ, ձեռք ձեռքի տված առաջ կգնանք»,-ասաց Բոտսվանայի ԱԳ նախարարը:
Նա հավելեց՝ երկու երկրներն ունեն նմանություններ, փոքր պետություններ են, նման են տնտեսական իրավիճակները, բնակչության թվաքանակը ևս մոտ է:
Գործընկերության ոլորտների մասին խոսելիս նա նշեց՝ զրույց են ունեցել նաև ադամանդի մասին:
Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու: