Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում, նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Առաջինը՝ հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ և երկրորդը՝ հարավային ուղին, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Ընդ որում, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ընդհանրապես՝ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղով: Այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես և այսօր նույնպես արտահայտում ենք:
Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք, ընդ որում, կարող են ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած՝ միջին ուղի և հարավային ուղի, որը, ինչպես տեսնում եք, նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար: Ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքով:
Ընդ որում՝ մենք նույնը խնդիրը և պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանրապես՝ միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային, քաղաքական կապերի և ընդհանրապես՝ գլոբալ անվտանգության հարցերի վրա:
Շատ կարևոր է արձանագրել, թե որոնք են այս սկզբունքները, որոնք մեր կարծիքով, պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման հիմքում: Ավելի ճիշտ՝ ոչ միայն մեր կարծիքով, այլև դրանք միջազգայնորեն ընդունված ակնհայտ սկզբունքներ են:
Առաջինն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:
Հաջորդ խնդիրը և սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային հսկողությունը, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ դրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այս խնդրի լուծման համար, ներառյալ՝ անվտանգությունն ապահովելու համար, վերջերս Հայաստանի կառավարության որոշմամբ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի առանձնահատուկ նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է:
Հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար: Երկրները ենթակառուցվածքներն օգտագործում են հավասարության և փոխադարձության սկզբունքի հիմա վրա:
Վերը հիշատակված սկզբունքների շրջանակներում կարող են տեղի ունենալ ընթացակարգերի որոշ պարզություններ փոխադարձության և հավասարության սկզբունքով",- ասաց վարչապետը: