Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցումս, որ ամեն ինչ կորած չի. Աբրահամյան
Ամենաջերմ միջավայրի ձևավորման վայրը մարտական դիրքերն են` նույն գաղափարի շուրջ միավորված մարդիկ, ովքեր շոգին, ցրտին, արևին, մառախուղին և սառնամանիքին կատարում են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.
"Որքան եղանակային, դիրքային, աշխարհագրական տեսանկյունից պայմանները բարդ են, այնքան ներսում միմյանց փոխլրացնելու ձգտումն ավելի մեծ է, որովհետև առանց դրա ծառայություն կազմակերպելը գրեթե անհնարին է:
Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցումս, որ ամեն ինչ կորած չի և այս սերունդը ևս պատրաստ է կատարելու իր այն պատմական առաքելությունը, որն արել են իրենից առաջ, ուղղակի դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել` գաղափարական, քաղաքական, տեխնոլոգիական և այլն:
Եղածը պահպանելու և առաջ նայելու հնարավորություն ստանալու համար, պետք է զգալ ու ճիշտ գնահատել հայրենիքի ցանկացած անկյուն":