Նախագահն ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի ներկայացուցիչներին
Արգենտինա կատարած այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին՝ վերջինիս նախագահ Գիժերմո Անդրադային:
Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, կարևորվել խորհրդարանական դիվանագիտության դերը և այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսին արգենտինացի խորհրդարանականների Հայաստան կատարած այցի նշանակությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:
Հանրապետության նախագահն իր խոսքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակի ու առկա մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ:
Այս համատեքստում նախագահը անդրադարձել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին: Այս կապակցությամբ խորհրդարանականներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև գործարար շփումների ակտիվացման կարևորությունը: