26.11.2024
Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ների միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել` օրակարգում ունենալով երեք օրենսդրական նախաձեռնություն: Օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ որոշմամբ կքննարկվի հատուկ ընթացակարգով: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:


Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերին:


ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը` 5 տարի:


«Միջոցներն ուղղվելու են 2023 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար Ազգային ժողովն արդեն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Սակայն հաշվի առնելով, որ մեր պլանավորված կապիտալ ծախսերը` 550 մլրդ, գերազանցում են մեր պլանավորած 290 մլրդ պակասուրդը` այդ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ»,- ասել է Էդուարդ Հակոբյանը` հավելելով, որ դրանք ունեն տնտեսության վրա բավականին դրական ու ներուժը բարձրացնող ազդեցություն:


Նրա խոսքով այս միջոցների ստացման համար ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, եւ դրանց հիմքում ընկած են բարեփոխումներ, որոնք արդեն իսկ իրագործվել են:


Անդրադառնալով ծրագրի անվանմանը, թե ինչու կանաչ եւ դիմակայուն` փոխնախարարը նշել է` դրանք բխում են ներկա գլոբալ մարտահրավերներից, ուղղված են Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականության խթանմանը, ինչպես նաեւ օդի աղտոտվածության մոնիտորինգի բարելավմանը:


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը: Պատգամավորը նշել է, որ վարկային միջոցի ներգրավմամբ նախատեսվում է լրացնել պետական բյուջեի դեֆիցիտը:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով` Արթուր Խաչատրյանն անընդունելի է համարել ընթացիկ ծախսերի համար այլ ծրագրերի անունից վարկ վերցնելը: Նրա գնահատմամբ Կառավարությունը խրոնիկ ձախողում է բոլոր միջազգային ծրագրերը եւ քաղաքացիներին գցում արտաքին խոշոր պարտքի տակ:


Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն անարդյունավետ է գնահատել Կառավարության գործունեությունը:


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը պարզաբանել է` Հայաստանն իր ընթացիկ ծախսերը հոգալու համար հավաքում է հարկեր, որոնք ամբողջովին բավարարում են թոշակ, աշխատավարձ, այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Նշված հարկային միջոցները բավարարում են նաեւ մի քանի հարյուր մլրդ կապիտալ ծախսերի իրականացման համար: Գեւորգ Պապոյանը, սակայն, նկատել է, որ պետությունն այս գումարը վերցնում է ավելի մեծ թվով կապիտալ ծախսեր իրականացնելու համար, հետեւաբար` «Այս միջոցները միայն եւ միայն ուղղված են հենց ներառականությանը, դիմակայունությանը, այդ թվում նաեւ` պաշտպանությանը»,- նշել է նա:


Եզրափակիչ ելույթում ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին եւ նշել, որ ներգրավվող վարկային միջոցները չեն ուղղվելու ընթացիկ կարիքների բավարարմանը, այլ հակառակը` ուղղվելու են զարգացմանը միտված ծախսերին:


Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը: