26.11.2024
Ինձ համար պատիվ է և լավ առիթ՝ ներկայացնելու մերօրյա Հայաստանը. Միրզոյանը՝ Բրյուսելում
prev Նախորդ նորություն

Պրոբացիայի ծառայությունը կդառնա պետական ծառայության առանձին տեսակ

Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:


«Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում` Կառավարության ծրագրին համապատասխան, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը` այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միեւնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջեւ, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները եւ ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ` ծառայությունը մոտիվացված եւ պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:


Օրենսդրական նախաձեռնությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու մարմնում ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում` ծառայության հիմնական սկզբունքները եւ խնդիրները, ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, պաշտոններն ու կոչումների, ծառայողների բարեվարքության համակարգի, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է իրավախախտ անձանց վերասոցիալականացման եւ զբաղվածության հարցով, ինչին ի պատասխան` Արդարադատության փոխնախարարը հայտնել է, որ Արարատի մարզում գործում է ուսումնական կենտրոն, որտեղ շահառուներին սովորեցնում են մի շարք մասնագիտություններ` վարսահարդարում, կահույքագործություն, կավագործություն եւ այլն: Նպատակ կա շահառուների շրջանակն ընդլայնել եւ նշված կենտրոնը տեղափոխել Երեւան` առավել հեշտ կոմունիկացիան ապահովելու համար: