23.11.2024
Հայաստանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:


Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։


Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։


Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումի զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:


Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայուն ներգրավածությամբ։