Վրաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրել է Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մանրամասները
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ինչպես գրում է Շալվա Պապուաշվիլին իր ֆեյսբուքյան էջում, հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրադարձությունները։
«Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Խոսեցինք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման կարեւորության մասին. ես նշել եմ, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային խաղաղությանը։ Մենք կենտրոնացել ենք Միջին միջանցքի աճող կարևորության և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա:
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին Եվրահանձնաժողովից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական հանձնարարական ստանալու կապակցությամբ»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։