VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի պատգամավորները, մեր տեղեկություններով, պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրավիրել։ Եթե ֆորսմաժոր եւ ՀՀ իշխանության միջամտություն չլինի, այն կկայանա։ Մտադիր են անել փակ ֆորմատով, նիստից հետո հանդես գալ հայտարարությամբ։ Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ԱԺ պատգամավորները նիստ չեն հրավիրել։ Նրանք համաձայն չեն ՀՀ իշխանությունների հետ, թե ԱՀ պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ուստի տեւական ժամանակ է՝ քննարկում են ԱԺ նիստ հրավիրելու հարցը, բայց հնարավորինս «անշառ» օրակարգով: Մեզ ասացին, որ 2 պատգամավորի մանդատի հարց է դրված․ Արթուր Հարությունյանի՝ պետնախարար դառնալուց հետո «Ազատ հայրենիք»-ը մեկ մանդատ պետք է ստանա, եւ Սամվել Բաբայանի կուսակցությունից մեկ պատգամավոր է հրաժարվել մանդատից, նրան փոխարինողը պետք է ստանա: Երկրորդ հարցն Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձեւավորմանն է վերաբերելու, որը Վարդան Օսկանյանի գաղափարն է: ԱՀ պատգամավորները հարցը քննարկում են Օսկանյանի հետ: Օրենքի ուժով ձեւավորված հանձնախմբի առաքելությունը կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում ներկայացնելը, նախատեսում են նաեւ միջազգային փորձագետներ ընդգրկել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Ուրբաթ օրը Քոչարյանն ասաց, որ Բաբայանն է հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբում նա համաձայնել էր, կարճ ժամանակ հետո հրաժարվել՝ բացատրելով. «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ` չունեն»։ Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, վերջին «հարցաքննվողն» է լինելու, լավագույն դեպքում կլինի եւս մեկը՝ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը։ Դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են: Ուշագրավ է, սակայն, որ հանձնաժողովն այդպես էլ չհյուրընկալեց պատերազմի առանցքային պաշտոնյաներին, օրինակ` ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին: Փոխարենն անցած շաբաթ լսեցին Սամվել Շահրամանյանին` նրան տալով հիմնականում պատերազմին չառնչվող հարցեր:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց․ «Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ եւ կուսակցության վարչության անդամներ։ Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»։ Նախաձեռնող խումբը կամ, այլ կերպ ասած՝ կուսակցական ակտիվը, ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի հավաքվում է ՔՊ երեւանյան գրասենյակում եւ քննարկում տարբեր հարցեր: Այս անգամ Փաշինյանը որոշել է խախտել ավանդույթը այն պատճառաբանությամբ, թե ինքը դժգոհություններ է ստացել մարզերի կուսակցականներից, թե իբր մինչ ուզում են գրանցվել նախաձեռնող խմբի նիստերին մասնակցելու համար, տեղերը լրացած են լինում: Բանն այն է, որ ՔՊ գրասենյակի դահլիճը սահմանափակ է, եւ մի քանի տասնյակ մարդ է միայն մասնակցում կուսակցական հավաքներին, ուստի Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր եւ հանդիպել տեղի կուսակցականների հետ, լսել նրանց խնդիրները։ Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ֆորմատի փոփոխության ավելի ծանրակշիռ պատճառներ կան, բացի տեղի խնդիրներին ծանոթանալը, նա փորձում է մարզերում տրամադրությունները ստուգել եւ կողմնորոշվել իր վարկանիշի ու դիրքի ամրության հարցում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ որոշումը ուղարկվել Է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: 2023 թվականի հոկտեմբերի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հանձնաժողովին է հասցեագրվել գրություն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները պահպանված կամ չպահպանված լինելու վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով, հարուցել է վարույթ: Բանն այն է, որ կան տվյալներ՝ դատախազ Իսախանյանը ընկերություններից մեկում բաժնեմաս է ունեցել եւ այն հայտարարագրում չի ներկայացրել, ինչը, ըստ էության, դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի է եւ պատժելի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ հայտարարագրով ներկայացված ունեցվածքի մասին։ Նախկին DJ Ed Ward-ը 4-5 տարիների ընթացքում հասցրել էր ունեցվածք դիզել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության վերաբերյալ վարույթ է հարուցվել։ 2023 թվականի հունվարի 16-ին ներբեռնված տեղեկատվության համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանը 2014 թվականի սեպտեմբերի 17-ից հանդիսանում է «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 50% բաժնեմասի սեփականատեր։ Նաեւ Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականի մայիսի 31-ին ներկայացված 2021 թվականի տարեկան շահերի հայտարարագրում ընկերությունում մասնակցության, առեւտրային կամակերպությունների կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։ Հենց այս առիթով էլ ընդունվել է վարույթ։ Հավելենք նաեւ, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման եւ հրաժարվել առեւտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։ Նա պարտավոր է նաեւ ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնից։
Վերը նշված փաստերի առթիվ ընդունված վարույթը կարճվել է, քանի որ պատգամավորական մանդատը ստանձնելու պահին «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ն արդեն իսկ հանձնված է եղել հավատարմագրային կառավարման։ Այսինքն՝ պարզվել է, որ թղթերով ամեն ինչ կարգին է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.Հանրապետության նախագահի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով 5 հատ սուրճի սեղան է գնել։ Քանի որ մեկ անձից գնման ընթացակարգը հրատապ գնման համար է, կարելի է ենթադրել, որ նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել, սակայն համապատասխան կահույք առկա չի եղել, ուստի որոշել են մեկ անձից, առանց մրցույթի ձեռք բերել։ Ձեռք բերված սուրճի սեղանների մեկ միավորի արժեքը 47 հազար 500 դրամ է, ընդհանուրի համար վճարվել է 237 հազար 500 դրամ։ Ուրախ ենք, որ այսուհետ ՀՀ նախագահը հյուրերի մոտ սեւերես չի մնա, նորմալ կնստեն` սուրճ կխմեն։ Մանավանդ որ որեւէ այլ գործով այս հիմնարկում չեն զբաղվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է այն շարքը, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների բենզինի ծախսին եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը: Արդեն անդրադարձել ենք ՀՀ վարչապետին, ԱԺ հանձնաժողովների նախագահներին, ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել Խաչատուրյանին սպասարկող ավտոմեքենան: Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում նրան, եւ, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների համար:
Նաեւ խնդրել էինք հայտնել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաների համար եւ ինչ անհրաժեշտությամբ: Նախագահի աշխատակազմից, շատ արագ արձագանքելով մեր գրությանը, ժամեր անց տեղեկացրին, որ հանրապետության նախագահին սպասարկող մեքենան, ինչպես նաեւ ուղեկցող մեքենաները հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում չեն, եւ, բնականաբար, վերջինիս կողմից ավտոմեքենաների համար անհրաժեշտ բենզին չի հատկացվում: Ավելի ուշ նախագահականից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ բոլոր այն մեքենաները, որոնք սպասարկում են նախագահին, գտնվում են ՊՊԾ-ի վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով էլ տվյալներ փոխանցել չեն կարողացել: ՊՊԾ-ից, մեր բանավոր հարցերին ի պատասխան, հայտնեցին, որ բանավոր ոչինչ ասել չեն կարող: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցումն ուղարկեց ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանին: Օրեր անց պարոն Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է.
««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին: Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»:
Պատասխանը նույնն էր, ինչ վարչապետ Փաշինյանի դեպքում էր. ՀՀ նախագահին սպասարկող մեքենաների եւ դրանց վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ: Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ նախագահին մոտ կանգնած աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ Խաչատուրյանը վերջին շրջանում ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա: Փաստորեն, նախագահի կորտեժը, ի տարբերություն վարչապետի կորտեժի, թեեւ մահաբեր չէ, սակայն մնացած առումներով չի զիջում «պադավատապետության» գլխավոր հովանավոր Նիկոլ Փաշինյանի կորտեժին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել Երեւանի ավագանու կին անդամներից մեկը: Տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանում կայացած ավագանու սկանդալային նիստում միջադեպի գործով հարցաքննության է հրավիրվել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Սոնա Աղեկյանն այսօր կրկին հրավիրված է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները Աղեկյանին հարցեր են ուղղել, թե ինչից է սկսվել, ով է իր մասին ինչ ասել, ու ինչու է նա ջուր լցրել ավագանու անդամ Անի Խաչատրյանի վրա: Շատ հարցեր դեռեւս կան ավագանու անդամ Սոնա Աղեկյանին տալու, ինչի համար նրան այսօր կրկին կհարցաքննեն: Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստել իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ջրով լի բաժակը լցրեց նրա վրա, ինչից հետո սկսվեց ողջ կռիվը: Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչեւ վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի:
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։