27.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը պահանջների և ռազմական գործողությունների հիմքեր է ստեղծում. Թաթոյան

ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ:


Ադրբեջանական պետական քաղաքականության մեր ուսումնասիրությունները վեր են հանել նոր փաստեր։ Մասնավորապես, նրանք արդեն անցել են մանրամասն կեղծիքների: Հայաստանի կոնկրետ գյուղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»։


Ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը:


Սա հետևողական քաղաքականություն է, որ լայնածավալ իրականացվում է ամբողջ Ադրբեջանում և արտերկրում՝ պետական ու իշխանական այլ լրատվամիջոցներով՝ ապահովելով լայնածվալ քարոզչություն։ Սրանով նրանք, նախ, ոչ միայն չեն թողնում, որ մարի հասարակությունում հայատյացությունն ու թշնամանքը, այլև դա խորացնում են։


Այսինքն` առաջ են բերվում առաջին հայացքից մարդասիրական հարցեր, բայց իրականում այդ «մարդասիրական» քողի ներքո նախապատրաստվում են քաղաքական ծրագրեր ու ռազմական ագրեսիայի հիմքեր և ներկայացնում են տարածքային նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այս քաղաքականությունն է ընկած հայ զինծառայողների ու բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների գործած վայրագությունների հիմքում:


Սրանով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր։"