28.11.2024
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, շուտով կլինեն ՀՀ-ում
prev Նախորդ նորություն

Ծառուկյանի փաստաբանը բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն ներկայացրեց

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի քրեական գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Էմին Խաչատրյանը բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդություն ներկայացրեց: Այս մասին հայտնում է News.am-ը:


Փաստաբանի խոսքով, այս քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևանշին» ընկերությունում իրականացված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու, այլ խոսքով` ընտրակաշառքի մասին:


Պաշտպանական կողմը գտնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործը հարուցվել է քրեական դատավարական օրենսգրքում նախատեսված կարգի էական խախտմամբ: Պաշտպանի խոսքով, եթե ուսումնասիրությամբ պարզվել են ընտրողների ձայները գնելու վերաբերյալ հանգամանքներ, ապա վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նոր քրեական գործ հարուցել 10 օրյա ժամկետում, այսինքն 2020 թվականի փետրվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, սակայն նման բան չի արվել, գործը հարուցվել է ամսիներ անց միայն:


«Կա ողջամիտ կասկած, որ եթե այդ հայտնաբերված փաստաղթղթերն իրենց մեջ բովանդակում էին հանցագործության հատկանիշներ, ապա ինչու նախաքննության մարմինը որեւէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարել՝ պարզելու այդ փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների իսկությունը:


Մեր համոզմամբ, դրան շարունակություն չի տրվել, քանի որ դրանք անհայտ ծագմամբ, անստորագիր, ոչ արժանահավատ փաստաթղթեր են, որոնք բովանդակում են տեղեկություններ նախընտրական ծախսերի մասին»,-ասաց Էմին Խաչատրյանը:


Նա նաև մեկ այլ հարցի անդրադարձավ՝ պնդելով, որ այս գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում, մինչդեռ այն քննել է ԱԱԾ-ն, մինչդեռ ԱԱԾ քննիչն այս գործով ոչ պատշաճ դատավարական սուբյեկտ է հանդիսացել, ուստի՝ նրա կողմից ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, չեն կարող օգտագործվել որպես ապացույց:


Դատախազ Դավիթ Աղաջանյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ թեեւ նյութերը հայտնաբերվել են 2020-ի փետրվարի 5-ին, սակայն «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը որևէ ցուցմունք չի տվել, իսկ փաստաթղթերն ինքնին չէին վկայում հանցագործության մասին: Իսկ երբ ամիսներ անց Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել, որից հետո արդեն առկա են եղել բավարար հիմքեր` քրեական գործ հարուցելու համար:


Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել` մինչև լուծման համար էական հանգամանքների պարզումը:


Խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Այդ գործի շրջանակներում 2020-ին կալանավորվել էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանը նրան ազատ էր արձակել:


Աբրահամ Մանուկյանի դեմ ցուցմունք տված միակ անձը «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն էր, ում ցուցմունքը, ըստ էության, բավարար չէր Մանուկյանին պատժելու համար: Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ Մանուկյանի դեմ հարուցված գործը կարճվել է: