24.11.2024
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
prev Նախորդ նորություն

Սիմոնյանն Իրաքի նախագահի հետ քննարկել է մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:


Պաշտոնական ընդունելությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ Իրաքի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների գործունեության նմանությունների, խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացվածության, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու շուրջ:


Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումից, բազմոլորտ շփումների ակտիվացման անհրաժեշտությունից:


Քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում առանձնացնելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը: Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:


Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարեւորությունը. «Պարոն նախագահ, Ձեզ արդեն իսկ ներկայացվել են «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող մանրամասները: Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տեւողությունը»: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս, ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:


Իրաքի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է Իրաքը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում՝ որպես քաղաքականապես կայուն, տնտեսապես բարգավաճող, հարուստ պատմություն ունեցող երկիր: Երկրի պատմության եւ մշակույթի մեջ նա առանձնացրել է հայերի, հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ հայերն Իրաքում ժողովրդագրական պատկերի մաս են եւ մեծ դերակատարություն ունեն երկրի համար նշանակալի հարցերում: Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը նշել է, որ այս այցի նպատակը փորձի փոխանակումն է, ներդրումային քաղաքականության մանրամասներին ծանոթանալը եւ գործընկերային կապերի եւս մեկ անգամ վերահաստատումը:


Հանդիպումը եզրափակվել է Իրաքի նախագահի գրառմամբ ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: Նա, մասնավորապես, գրել է. «Բոլորս լիահույս ենք, որ Իրաքի հարաբերությունները Հայաստանի հետ կամրապնդվեն՝ ներառելով թե՛ օրենսդրական, եւ թե՛ իրավական համագործակցությունը»: