VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնհայտ տարբերություն է նկատվում խորհրդարանական երկու ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում։ Եթե 2021-ի ընտրություններից հետո նրանք համատեղ քննարկում էին անգամ նախագծերի քվեարկության հարցերը եւ, որպես կանոն, միասնական դիրքորոշում էին մշակում, ապա այժմ թե՛ քվեարկություններն են տարբեր, թե՛ այլ հարցերում դիրքորոշումները։ Դիցուք, տեւական բոյկոտից հետո «հայաստանցիներն» ամիսներ առաջ որոշեցին վերադառնալ եւ մասնակցել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ՊՈՒ-ն դեռ շարունակում է բոյկոտը, երեկ էլ չմասնակցեցին անգամ բյուջեի նախագծի քննարկմանը, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի։ Ընդմիջման ժամին, երբ Փաշինյանն ու իր նախարարները հեռացել էին դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ, գրանցվեցին ու հեռացան: Իսկ գրանցվեցին, որ բացակա չստանան։ Նախօրեին էլ միտումնավոր ուշ մտան դահլիճ, որպեսզի հոտնկայս հարգանքի տուրք չմատուցեն Մաթեւոս Ասատրյանի հիշատակին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր ԱԺ-ում կշարունակվի ՀՀ 2024թ.-ի բյուջեի քննարկումը: Երեկ այն ընդհատվեց կառավարության հետ հարցուպատասխանով: Այսօր եւս ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու նախարարները: Եւ հենց բյուջեի քննարկումն է պատճառը, որ այսօրվա կառավարության նիստը հետաձգվել է. սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է ուրբաթ: Նախատեսվում է, որ արդեն այսօր բյուջեի քննարկումը կընդհատվի մինչեւ դեկտեմբեր՝ ԱԺ հաջորդ նստաշրջան: Այս ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով, իսկ արդեն դեկտեմբերին բյուջեի նախագիծը կդրվի վերջնական քվեարկությանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. 2024 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պաթոսով շեշտում էին, թե բյուջեի եկամուտներն ավելացնելու են մոտ 340 միլիարդ դրամով՝ չնշելով, թե ինչի հաշվին են դա անելու: Կա տեսակետ, որ իրականում ավելացումը լինելու է, այսպես ասած, եղածի հաշվին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ դա Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն է լինելու: «Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում, դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել: Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ, մասնավորաբար, Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչն իր հերթին բերելու է գնաճի՝ աշխատավարձի չբարձրացման պայմաններում:
Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է կապիտալ ծախսերին՝ հատկապես ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծելով: «Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական պոտենցիալի հնարավորությունները չենք օգտագործում: Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին համացանցը ողողվեց ՀՀ պատգամավոր կանանց լուսանկարներով, որոնք Իսլանդիայում մասնակցում են կին առաջնորդների հերթական ֆորումին։ Ռեյկյավիկ են մեկնել ՔՊ-ականներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը: Սակայն ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրության մեջ Թովմասյանի անունը եւս բացակայում է: Խորհրդարանից մեր հարցմանը, թե ինչու Թագուհի Թովմասյանի անունը չկա կարգադրության մեջ, փոխանցեցին, որ անհատական հրավերներ են եղել կանանց, Թովմասյանը, ի տարբերություն իշխանականների, հարկ չի համարել ԱԺ-ին գրություն ներկայացնել` իր բացակայության եւ դրա պատճառների մասին։ Եվ չնայած այս կանայք մեկնել են անհատական հրավերներով, սակայն ՔՊ-ական կանանց գործուղման ծախսերը հոգացել է ԱԺ-ն, իսկ Թագուհի Թովմասյանն այլ միջոցների հաշվին է մեկնել: ԱԺ-ից պարզաբանեցին, որ գործուղման «կարեւորությունը» հաշվի առնելով է ԱԺ-ն ֆինանսավորել այս «վոյաժը»․ «Եթե դրա կարեւորությունն ԱԺ-ն համարում է այնպիսին, որ անպայման պետք է ֆինանսավորի, ֆինանսավորում է»։ Մի հանգամանք էլ նկատեցինք. Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքում իր այցի մասին գրառում է արել, որտեղ ներկայացել է որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ վարչության որոշմամբ՝ նոյեմբերի 13-ին Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից: ՔՊ-ից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ հեռացման պատճառը կարգապահական խախտումն է եղել, մինչդեռ Թաթուլ Ասլիյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արցախից բռնի տեղահանվածների մասին գրառում է արել ու հենց այդ պատճառով էլ հեռացվել է կուսակցությունից:«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանին գովերգող, ստատուսներ ձոնող սկանդալային Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառների մասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, պատճառն ամենեւին էլ արցախցիների մասին գրառումը չի եղել. այնպես չէ, որ ՔՊ-ում այդքան զգայուն ու անհանդուրժող են արցախցիների մասին վատ գրառումների նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառներն ավելի խորը արմատներ ունեն: Պարզվում է՝ նա ոչ այնքան կարկառուն ՔՊ-ականների հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հաճախ վիճել է նրանց հետ: ՔՊ-ականներն էլ պարբերաբար վարչության անդամների մոտ դժգոհել են Ասիլյանից ու պատմել նրա անվայելուչ պահվածքի մասին: Ի վերջո, Նիկոլ Փաշինայնն էլ վարչության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել է հեռացնել նրան: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ում մեծ ուրախությամբ են ընդունել Թաթուլ Ասիլյանի հեռացումը ու գոհ են մնացել վարչության որոշումից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախեւառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, եւ ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։ Այնուհետեւ նա ավելացրել է. «Մի բան հստակ է՝ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ամեն հաջորդ տարվա բյուջեն ցույց է տալիս, որ այս իրավունքների իրացումն է դառնում անկյունաքարային»։ Այնուհետեւ տիկին նախարարը երկար թվերի շարք է ներկայացրել։ Սակայն ուշադրություն դարձրե՛ք Ավանեսյանի ձեւակերպումներին, թե բյուջեն մարդու մասին է, երջանիկ ապրելու իրավունքը ապահովելու մասին, եւ որ, իբր, 2018թ. հեղափոխությունից հետո այդ իրավունքի իրացումն անկյունաքարային է։ Մենք այս հայտարարություններին ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք. 2018թ. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն» կարգախոսով իշխանության եկած ուժը կարճ ժամանակ անց երկիրը հասցրեց աղետալի պատերազմի շեմին, ինչի հետեւանքով ունեցանք 4-5 հազար զոհ։
Երջանիկ անհատ խոստացող ուժի քաղաքականության հետեւանքով հազարավոր ընտանիքներ պարզապես դժբախտացան։ Հզոր պետության մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ Անահիտ Ավանեսյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, մի առիթով խոստովանել էր, որ երկրի անվտանգության ոլորտում իրենք ձախողել են, անգամ ասել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուր մնաց Արցախի։ Նույնը նաեւ պատերազմին հաջորդած այս տարիների մասին է. հարյուր հազարից ավելի մարդ պարզապես մի քանի օրում ստիպված եղավ լքել իր հայրենիքը, տունը, բնօրրանը, որովհետեւ նման աղետի առաջ էր հասցրել ՀՀ իշխանությունը, որի կազմում է նաեւ նույն Անահիտ Ավանեսյանը։ Ու այսքանից հետո դեռ նախարարը խոսում է երջանիկ ապրելու իրավունքի իրացման մասին։ Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաեւ իր թիմակիցները, որ երեւանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլեւ հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։ Այնպես որ, տիկին նախարարը միգուցե նման ամպագոռգոռ ելույթներից առաջ ետահայաց նայեր իրականությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալը եւ այդպես պաշտոնը պահելը ամենակարեւորն է իշխանական ղեկին հայտնվածների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել: Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 197 հազար դրամ։Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից։ Ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է:
Նշենք, որ պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական Դավիթ Դանիելյանն այն պատգամավորն է, որը, խորհրդարանում գտնվելով, չի մասնակցել Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը։ Նաեւ նա հայտնի է իր ընկերներին աշխատանքի տեղավորելով, օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Արմեն Հովհաննիսյանը վրաչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է, իսկ Դանիելյանը Արայիկ Հարությունյանի սանիկն է:
Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։ Հովհաննիսյանի նախագահության օրոք ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է՝ Անի Անտոնյանը։
Հավելենք նաեւ, որ Անի Անտոնյանը աշխատում է պետական ֆինանսավորում ունեցող միակ լրատվամիջոցում՝ Հանրային հեռուստաընկերությունում որպես մասնագետ՝ ըստ ամուսնու հայտարարագրի։ Նա Հանրային հեռուստաընկերությունից ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Պատգամավորի կինը հայտարարագրել է 10 հազար դոլար կանխիկ դրամական միջոց, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ։Ահա այսպես «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի զարգացմամբ է զբաղված հեղափոխական իշխանությունը, իսկ նախկինում բողոքում էին դրա դեմ, քանի որ չէին կարողանում իրենց ծանոթներին աշխատանքի տեղավորել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Ալավերդի համայնքում, կարծես թե, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունենում ավագանու նիստերը, ինչի պատճառը ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամներից մեկն է։ Ի դեպ, երեկ ևս տեղի չի ունեցել ավագանու հերթական նիստը, և եթե դեկտեմբերին էլ նախատեսվող վերջին նիստը տեղի չունենա, ապա կառավարությունը, ըստ ամենայնի, կդադարեցնի ավագանու լիազորությունները և կնշանակի արտահերթ ընտրություններ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում համայնքի կառավարումը ստանձնել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը (13 մանդատ), որին միացել է նաև Հայ ազգային կոնգրեսը (1 մանդատ)։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին բավական ակտիվ քննարկվեց ՈՄԱ-ի ու նման այլ ռազմամարզական կազմակերպությունների գործունեության հետ կապված հարցը՝ մասնավորաբար ՊՆ հայտարարության կոնտեքստում, թե «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ եթե հասարակական սեկտորը պաշտպանական բնագծեր է պատրաստում, դա ցույց է տալիս, որ պետական ինստիտուտները, որոնք ի պաշտոնե կոչված են իրականացնել այդ գործառույթները, իրենց տեղում չեն:
«Դա հասարակական սեկտորի գործառույթ չէ: Այստեղ ՈՄԱ-ի խնդիրը չէ: Շատ օղակներ կան, որոնք փորձում են մարդկանց մարտական գիտելիքներ փոխանցել, օգտակար լինել: Սա առաջին ցուցիչն է, որ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբն իրենց տեղում չեն: Կրթության նախարարությունում պետք է համապատասխան օղակներն աշխատեին, դպրոցում տարրական գիտելիքներ պետք է փոխանցվեին: Պաշտպանական բնագծերի մասին. տեղական ինքնակառավարման մարմինները պարզապես պետք է խնդիր ստանային տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որի առաջ պետք է խնդիր դներ վարչապետը, որին այդ կարգի խնդիրները լուծելու համար պետք է զեկուցած լինեին պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը: Մի քանի ինստիտուտների փոխկապակցված, կոորդինացված աշխատանք պետք է լիներ, բայց քանի որ չկա, մարդիկ կամավոր փորձում են ինչ-որ բան անել: Այլ հարց է, թե դա որքանով է պրոֆեսիոնալ արվում, որքանով օգուտ կամ վնաս կտա: Բայց այն, որ սա անում են մասնավոր սեկտորը, անհատները, խոսուն ցուցիչ է, որ պետական ինստիտուտներն իրենց տեղում չեն, ավելի ճիշտ՝ ինստիտուտներն իրենց տեղում են, ղեկավարները իրենց տեղում չեն»,- «Փաստի» հետ զրույցում եզրափակում է Հայկ Նահապետյանը: