25.11.2024
Ոստիկանությունը հայտնում է 3 օրում հանցագործության 158 դեպքի բացահայտման մասին
prev Նախորդ նորություն

Գարեգին Բ-ն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահին

Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին եւ դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։


Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին, ընդգծել է, որ պատմության ընթացքում հայ եւ հրեա ժողովուրդները կրել են բազմաթիվ տառապանքներ եւ ենթարկվել ցեղասպանության, սակայն իրենց հավատքի շնորհիվ կարողացել են դիմագրավել բոլոր տեսակի փորձությունները։


Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրների եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ ստեղծված իրադրությունը ցավալի հետեւանքն է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին միջազգային կառույցների անհամարժեք արձագանքի։


Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հոլոքոսթին, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը`շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։


Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարեւոր նկատելով նաեւ միջկրոնական երկխոսությունը։


Պրն․ Խորխե Կնոբլովիցն աշխարհում տիրող բարդ իրավիճակի հաղթահարման եւ արդարության հաստատման գործում եւս կարեւորել է մարդկության մեջ հավատքի զորացումը եւ կրոնների խաղաղ համագոյակցության երկխոսությունը։


Պատվիրակության նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ ինչպես Արգենտինան, այնպես էլ Արգենտինայի հրեական կազմակերպությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը եւ դատապարտել այն՝ պահպանելով պատմական հիշողությունը հետագայում կանխելու համար նմանօրինակ ոճրագործությունները։


Զրույցի ընթացքում պրն․ Կնոբլովիցը նաեւ իր սերն ու հարգանքն է արտահայտել հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արգենտինայում հայ եւ հրեա համայնքների համագործակցությանը։