24.11.2024
ՄՊՀ-ն «Սև ուրբաթի» շրջանակում մշտադիտարկումներ է իրականացնելու
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում:


Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 23-ին, Բրյուսելում: Փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր:


«Հայաստանի մաքսային ծառայության համար համաձայնագրի կիրառումը կարեւորվում է նաեւ հետբացթողումային հսկողության շրջանակում պարբերաբար իրականացվող հարցումների համատեքստում անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման առումով», - ընդգծել է զեկուցողը:


Նշվել է, որ փաստաթղթի կիրառմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ կհաստատվի ուղղակի կապ, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից Հայաստան ներմուծման եւ մեր երկրից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման վրա:


««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ստացել է դրական եզրակացություն: