ՀՀ-ում «գունավոր հեղափոխության փորձ կատարած» ՀԿ-ների ցանկը ներկայացվեց Ղրղզստանում և Ղազախստանում
Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը դեկտեմբերի 4-ից 8-ը այցելեցին Ղրղզստանի և Ղազախստանի Հանրապետություններ, որտեղ մի շարք ասուլիսներում ներկայացրեցին իրենց կողմից կատարված հետազոտության արդյունքները “ՀԿ-ներ և քաղաքական ուժեր, որոնք գունավոր հեղափոխության փորձ կատարեցին Հայաստանում մայդանի սցենարով խորհրդարանական ընտրություններից առաջ” թեմայով:
Հետազոտության շրջանակներում ներկայացված են Երևանում հուլիսին “Սասնա Ծռեր”-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման արդյունքում ծավալված փողոցային պայքարի առանձնահատկությունները և մեթոդները, որոնք կիրառվեցին ինչպես փողոցում, այնպես էլ տեղեկատվական դաշտում և համացանցում:
Հայ փորձագետները նաև վերլուծել են հասարակական կազմակերպությունների, առանձին ակտիվիստների և քաղաքական գործիչների մասնակցությունը այդ օրերին երկրում ձևավորված պայթունավտանգ իրավիճակի սրացմանը, ինչպես նաև հետազոտել են արտաքին ուժերի դերն ու նշանակությունը:
Ըստ հետազոտության արդյունքների Հայաստանում ձևավորվել է ՀԿ-ների մի ցանկ, որոնք լուրջ խնդիր են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը:
Այցելության շրջանակներում նաև կայացան հանդիպումներ Ղրղզստանի և Ղազախստանի փորձագիտական շրջանակների, ինչպես նաև պետական կառույցների ղեկավարների հետ, որոնք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Երկկողմանի քննարկումների արդյունքում գտնվեցին նմանություններ Ղրղզստանում իրականացված երկու հեղափոխությունների և Հայաստանում չհաջողված հեղափոխության փորձի միջև:
“Գունավոր հեղափոխության թեման արդիական է մեզ համար: Հայաստանը համարվում է գլխավոր թիրախը, որտեղ պլանավորվում է կատարել գունավոր հեղափոխություն: Դրա մասին այսօր շատերն են խոսում: Դա նաև հաստատում է ոչ հեռավոր անցյալում Երևանում ՊՊԾ գնդի գրավման արդյունքում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման փորձը: Մենք չենք ցանկանում, որպեսզի Հայաստանի ներքին կյանքը վերածվի քաոսի, և երկիրը դառնա այլ ուժերի բախման թատերաբեմ: Այդ իսկ պատճառով՝ մենք եկել ենք այստեղ ոչ միայն կիսվելու մեր փորձով, այլ ձեր երկրների փորձը ուսումնասիրելու: Հայաստանը Հարավային Կովկասում ունի ռազմավարական նշանակություն, այն գտնվում է արևմուտքի և արևելքի հետաքրքրության կենտրոնում, և անշուշտ, հասկանալի է, որ ապակայունացնելով Հայաստանի ներքին իրավիճակը, կարելի է հեշտությամբ ապակայունացնել Հարավային Կովկասը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը”, - նշեց ՄՀԶՀԿ նախագահ Արման Ղուկասյանը:
Հանդիպումների ընթացքում նաև քննարկվել է Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի փորձագիտական շրջանակների միջև հարաբերությունների մերձեցման անհրաժեշտությունը:
ՄՀԶՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը իր ելույթում նշեց. “Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրները Եվրասիական տնտեսական միության անդամ են, մենք բավականաչափ չենք ճանաչում միմյանց: Մեր այցը, և այս հետազոտությունը ևս մի քայլ է հաղթահարելու տեղեկատվական խոչընդոտները, որոնք առկա են մեր երկրների մերձեցման ճանապարհին: Ապակայունացման վտանգը հիմա անչափ մեծացել է: Արդյո՞ք դա պայմանավորված է ՀԿ-ների ակտիվ գործունեությամբ և համացանցի ակտիվացմամբ: Արդյո՞ք ՀԿ-ների իրականացրած գործունեությունը միշտ է բխում ազգային շահից: Երբ մենք հետազոտում էինք գունավոր հեղափոխությունների մեթոդները, որոնք կիրառվեցին այլ երկրներում, մի բան հստակ պարզ դարձավ. բազմաթիվ ընդհանրություններ կան այդ իրադարձությունների միջև և նրա հետ, թե ինչ կատարվեց Հայաստանում, հատկապես փողոցային պայքարի կազմակերպման և համացանցում կատարվող աշխատանքի հարցում:”
Հանդիպումների արդյունքում փորձագետները եկան այն եզրակացության, որ կա անհրաժեշտություն միացյալ Հայ-Ղրղզ-Ղազախական փորձագիտական տիրույթ ստեղծելու մեջ՝ փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանում, Ղրղզստանում և Ղազախստանում ներքին քաղաքական իրավիճակի ապակայունացման կանխարգելման նպատակով: