ԱԳՆ-ն իր խիստ դժգոհությունն է հայտնել Բաքվում Դունյա Միյատովիչի հանդիպման կապակցությամբ
Դունյա Միյատովիչի նշված հանդիպման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կապուղիներով արտահայտել է իր խիստ դժգոհությունը: Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
- Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԳՆ-ն այս կապակցությամբ դիմե՞լ է Միյատովիչին, եվրոպական կողմին պարզաբանում ստանալու կապակցությամբ: Եվ ո՞րն է մեր ԱԳՆ դիրքորոշումը:
-Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ՀՀ ԱԳՆ քննարկումները, այդ թվում՝ դիվանագիտական կապուղիներով, կրում են շարունակական բնույթ: Դա վերաբերվում է նաև հանձնակատարի՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 բնակչության բռնի տեղահանման և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով հոկտեմբերի 16-23-ը կատարած այցին, դրա շրջանակներում կայացած հանդիպումներին և առանձին հարցերի շուրջ քննարկումներին:
Ինչպես միջազգային մյուս գործընկերների, այնպես էլ հանձնակատար Միյատովիչի հետ քննարկումներում ՀՀ-ն ընդգծել է Ադրբեջանի կողմից հաճախ տարբեր հարցերի միտումնավոր խեղաթյուրման, իր քարոզչական նպատակներով հարթակների շահարկման, իսկ առանձին դեպքերում նաև անընդունելի երևույթների ու եզրույթների մասին: Ձեր կողմից վկայակոչվող «կազմակերպության» հետ Դ. Միյատովիչի հանդիպման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կապուղիներով արտահայտել է իր խիստ դժգոհությունը: Հավելենք, որ այցից հետո հանձնակատարի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ «կազմակերպությունը» կայացած հանդիպումների շարքում չի հիշատակվում:
Փոխարենը, հանձնակատարն արձանագրել է, որ ԼՂ բնակչության համար տները լքելը եղել է միակ հասանելի տարբերակը։ Նշվել է, որ զանգվածային տեղահանմանը նախորդել են սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումները։