Լևոն Քոչարյանը կդառնա ԱԺ պատգամավո՞ր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված որդին՝ Լևոն Քոչարյանը, հնարավոր է՝ պատգամավոր դառնա:
Խնդիրը նրանում է, որ Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հերթական համար Միհրդատ Մադաթյանը հայտարարեց, որ վերցնելու է մանդատը։ Բայց այսօր պարզվեց, որ ներքին քննարկումների արդյունքում և՛ ինքը, և հաջորդ համարները՝ Անժելա Նալբանդյանն ու ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, հրաժարվել են մանդատ վերցնելուց: Արդյունքում հերթը հասնում է Լևոն Քոչարյանին:
Վերջինս, կրկնվենք, կալանավորված է: Իսկ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Ագնեսա Խամոյանը VERELQ-ին հայտնեց, որ չի կարող պատասխանել վերցնելու մասին հարցին օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կա տեղեկատվության դեֆիցիտ: Եվ հավելեց՝ առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը ինքը կպատասխանի այդ հարցին:
Եվ ահա քիչ առաջ Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելու հարցի շուրջ փաստաբանական խումբը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ: