26.11.2024
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է անցկացվել
prev Նախորդ նորություն

Եվրոպայի խորհուրդը կպատրաստի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության միջոցառումների փաթեթ

Եվրոպայի խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո նախապատրաստում է դեպի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:


Փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստանին վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար հայի, այդ թվում 30 հազար երեխայի հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման համար:


Հայաստան այցի ընթացքում Միգրացիայի և փախստականների հարցերով ծառայությունը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Լեյլա Քայաջիկն այցելել է Արտաշատի համայնքապետարանի երկու ապաստարան։


Նա նախանշել է աջակցության այն ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրում (2023-2026 թթ.) և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-2025 թթ.):


Այդ ոլորտներն են՝ խոցելի վիճակում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման հարցերում,


առողջապահության և հոգեկան առողջության պահպանման մատչելիությունը ներառյալ՝ հոգեբանական աջակցությունը,


խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացումը,


կրթության ներառականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայումը,


երեխաների իրավունքների պաշտպանությունը,


տեղական ինքնակառավարման մարմինների կենսունակության բարձրացումը:


«Միջոցառումների այս նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են աննախադեպ դժվարությունների և մարտահրավերներին»,- շեշտել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: