25.11.2024
Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար
prev Նախորդ նորություն

Այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է, Փաշինյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:


Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի եւս բյուջեի քննարկումը տեղի է ունենում տարածաշրջանային եւ միջազգային լարված միջավայրում:


«Մեզ համար սա նոր չէ, եւ վերջին 3 տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը: Վերջին 2 տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է միջազգային եւ քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում: Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարեւոր է համարել ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը: «Ի՞նչ է մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության եւ անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը եւ ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է»,- նշել է գործադիր մարմնի ղեկավարը:


Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. «Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»:


Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ հույս է հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերվում է հետեւյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար»:


Սպառնալիքների եւ անվտանգային մարտահրավերների միջավայրում Նիկոլ Փաշինյանը կարեւոր ձեռքբերում է համարել մակրոտնտեսական կայունությունը, որը հնարավոր է եղել պահպանել ե՛ւ պատերազմի, ե՛ւ ներքաղաքական անկայունությունների, ե՛ւ համավարակի ընթացքում: Վարչապետի գնահատմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում. «Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է»:


Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության ցուցաբերմանը, նշել է, որ շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արվել, որից այս պահին ծախսվել 16 մլրդ դրամը: Գումարի մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեով:


Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ վարչապետը մի քանի արձանագրում է կատարել: 2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 թվականի պլանավորվող բյուջեի եկամտային մասը 105 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին պլանավորված բյուջեն: Էական ավելացումներ կան առանցքային մի շարք ուղղություններով:


2018 թվականի նկատմամբ կապիտալ ծախսերը 2024 թվականին աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Պլանների մեջ է մտնում հաշվետու տարում ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով արձանագրվել է լուրջ առաջընթաց:


Պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են, ավելանում են 125 տոկոսով: «Մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները: Պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որեւէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, քանի որ մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը մանրամասն խոսել է կրթության, հանրակրթության, ոստիկանության, սոցիալական պաշտպանության, առողջապահության ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներից, ֆինանսական հատկացումներից, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելու, ուսուցիչների ատեստավորման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործման գործընթացներից եւ այլն:


«Մեր առանցքային նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու եւ երջանիկ լինելու ոչ միայն իրավունք, այլ նաեւ՝ իրագործելի հնարավորություն: Այս առումով հիմնական եւ առանցքային խնդիրն անվտանգությունն է՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին անվտանգությունը: Ե՛վ անվտանգությունը, ե՛ւ ստեղծագործելու, ազատ ժողովրդավարական հանրությունում բարեկեցիկ եւ երջանիկ ապրելու հնարավորությունը ստեղծելն է ՀՀ կառավարության առանցքային նպատակն ու ուղենիշը՝ այն ըմբռնմամբ, որ քաղաքացիներն իրենք անձամբ պետք է հնարավորություն ունենան՝ աշխատելով, ստեղծագործելով իրենց երջանկությունն ու բարեկեցությունն ապահովել: Մեր հավաքական ջանքերի արդյունքում միասին պետք է կարողանանք ապահովել ՀՀ եւ նրա քաղաքացիների արտաքին եւ ներքին անվտանգությունը: Ուզում եմ ասել, որ անվտանգությունը սովորաբար կամ առավելապես հաճախ ընկալվում է սպառազինություն, բանակ եւ այդպես շարունակ: Միայն բանակով երբեւէ որեւէ երկիր չի կարողացել եւ չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ մոտեցումներ, հայեցակարգեր եւ գաղափարախոսություն դրված չեն»,- ելույթը եզրափակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: