24.11.2024
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին
prev Նախորդ նորություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության պատգամավորների հետ

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը:


Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն եւ ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է:


Փոխխոսնակը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, եւ առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջեւ համագործակցության զարգացման գործում:


«Ազգային ժողովում գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու, ավանդաբար ամենամեծ խմբերից մեկն է: Ես լիահույս եմ Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծմանը նաեւ Հնդկաստանի խորհրդարանում, ինչը հիանալի հնարավորություն կընձեռի ակտիվ համագործակցության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:


ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ պաշտպանության, մշակույթի, գիտության եւ կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:


Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:


Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանը Հնդկաստանի համար առանցքային գործընկեր է՝ նշելով, որ կողմերի հարաբերություններն այսօր արտացոլում են հնդիկ եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:


Հնդիկ պատգամավորները նշել են, որ Մադրասում եւ Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցիներ եւ կրթօջախներ: Առաջին հայկական տպագրությունն իրականացվել է Հնդկաստանում, նույնիսկ հնդկական առաջին ձայնային սկավառակի ձայնագրությունն իրագործվել է հայազգի դասական երգչուհու կատարմամբ:


Կողմերը կարեւորել են նաեւ Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ պատմության մեջ առաջին անգամ այցն անկախ Հայաստան:


Հնդկաստանի պատվիրակության պատգամավորները շնորհակալություն են հայտնել 4000-ից ավելի հնդիկ ուսանողների համար Հայաստանում կրթության հնարավորության կապակցությամբ:


Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար:


Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը: