Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման. ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա: Այս մասին ԱԳՆ-ում Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասում երկարատև և հայ ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև այլատյաց քաղաքականության բացառում, քանզի արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին, որոնք բազմիցս բարձաձայնվել են:
"Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, ավելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից: Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա՝ 1991թ Ալմաթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա»,-ասել է Միրզոյանը: