23.11.2024
Մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. Հակոբ Արշակյան
prev Նախորդ նորություն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:


«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Ինտերտրանս» ՍՊԸ-ի կողմից ներմուծված հագուստի քաշի և տեսակի հետ կապված՝ մաքսակետում առաջացած խնդիրները իրենց օգտին լուծելու, ներկրված բեռը չստուգելու, հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար ՍՊԸ տնօրեն Ա. Մ.-ն հիշյալ ընկերության համար բեռներ տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Ա. Վ.-ին դրդել է կաշառք տալ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վ. Մ.-ին: Վերջինս, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով «Ինտերտրանս» ՍՊ ընկերության, ինչպես նաև վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ ներմուծված ապրանքների փաստացի քաշը փաստաթղթերին չհամապատասխանելու պայմաններում համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար, 2023 թվականի օգոստոսի 15-ին ստացել է 76.200 ՀՀ դրամին համարժեք 20.000 ՌԴ ռուբլի գումար կաշառք:


Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ՝ գլխավոր մաքսային տեսուչ Հ. Ք.-ն, վերը նշված նույն ընկերության և վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ առանց համապատասխան վերահսկողության ՀՀ ներմուծված ապրանքների բացթողման համար, 2023 թվականի հուլիսի 13-ին վերջինից որպես կաշառք պահանջել է 60.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով «Iqos» անհատական էլեկտրական գոլորշիացնող սարք:


«Ինտերտրանս» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ն, վարորդ Ա. Վ.-ն և երկու մաքսային տեսուչները ձերբակալվել են: Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Ա. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Գլխավոր մաքսային տեսուչներ Վ. Մ.-ին և Հ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:


Վ. Մ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը, իսկ Հ. Ք.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:


Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: