23.11.2024
Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Global Gateway»-ի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի մշակույթի նախարարը Հայաստանում է

Հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը:


Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, դիվանագետ, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը, ֆրանսահայ արվեստագետներ, այդ թվում՝ դերասան Սիմոն Աբգարյանը, դաշնակահար, հեղինակ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը, մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ:


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: ՖՀ մշակույթի նախարարը շրջել է հուշահամալիրի հիշատակի ծառուղում, որտեղ նախկինում եղևնի է տնկել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհուրդը: Առանձնակի ներկայացվել է բազալտե հուշապատի վրա հավերժացած Ֆրանց Վերֆելի, Յոհաննես Լեփսիուսի, Անատոլ Ֆրանսի գործունեությունը՝ ընդդեմ հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության:


Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը շրջել է նաև թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին: ՖՀ մշակույթի նախարարն այցի ավարտին գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում՝ մասնավորապես նշելով. «Պետք է անտարբեր չլինել խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Պետք է գործել՝ հիշելով դրանք: Մենք չենք հանդուրժի և չենք մոռանա ոչ մի բացասական եղելություն: Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է»:


Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:


Այցերի ընթացքում նախարարներին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ:


Նշենք՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը: