24.11.2024
Ասիական զարգացման բանկը կօժանդակի ՀՀ կառավարությանն առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին և համաձայնության եկել հետագա անելիքների շուրջ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականի օրինակը՝ Կարեն Կարապետյանի եւ 7 հազար նոր անդամի ընդունումը, մյուս կուսակցություններում էլ է նման գործընթացներ խթանել. տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն օրերս անդամակցել է շուրջ 500 երիտասարդ Երեւանից եւ մարզերից: Արթուր Բաղդասարյանը «տեղերում» աշխատանքի բոլոր նրբություններին տիրապետում է եւ հիմա ինտենսիվ սկսել է ընտրությունների նախապատրաստությունը։ Դեկտեմբերի 24-ին էլ տեղի կունենա ՀՎԿ երիտթեւի համագումարը, որը, ըստ որոշ լուրերի, ավելի տպավորիչ է լինելու, քան որոշ կուսակցությունների բուն համագումարները»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը 2015-ի սեպտեմբերի 17-ին դուրս եկավ ընդդիմադիր խմբակցությունից: Դեռ այդ օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հակոբյանը մտադիր է կրկին հետ գնալ իր նախկին կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, որի անդամ է եղել 1990-2008-ը: Նրա լոբբինգով ՀՅԴ-ում զբաղվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Աղվան Վարդանյանի բոլոր բանակցությունները ձախողվել են, եւ Ռուբիկ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում կրկին «հետ ընդունել»: Երեկ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Վարդանյանից եւ Հակոբյանից, սակայն երկուսն էլ կտրուկ հրաժարվեցին որեւէ բառ ասել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին վրացի պատգամավորներից հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի հնարավոր վաճառքի մտադրությանը: «Նման մտադրության մասին նախկինում եւս հայտարարություններ եղել են: Բայց Վրաստանը դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել, որ նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը հանվել են վաճառքի»: Հայկ Հարությունյանը նշեց, թե գազատարի անխափան շահագործումը բխում է նաեւ Վրաստանի շահերից: «Գազի տեղափոխման դիմաց Վրաստանը ստանում է տարանցման վճար»,- հավելեց փոխնախարարը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչեցրած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։

Կուսակցության մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է։ Կուսակցության սփյուռքի կառույցները չկիսելով ՀՅԴ-ի իշխանությանը մաս կազմելու այս տարվա որոշումը, վճռել են այլևս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին, իսկ բիզնեսմեն նախարարների և մարզպետների հատկացումները ընտրություններին լիարժեք մասնակցելուն չեն բավարարի։ Մյուս խնդիրը կադրերն են՝ ՀՅԴ-ն այս պահին չունի ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք կարող են կուսակցությանը նվազագույն անցողիկ տեղեր ապահովեն նոր ԱԺ-ում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում խոր ափսոսանք են ապրում, որ քաղխորհրդի «պատմական» նիստը ոչ թե Մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում են անցկացրել, այլ «ինչ-որ մի» Մելիք-Ադամյանի կառավարության դահլիճում: Կուսակցությունում լուրջ անհանգստություն կա, թե ում հետ է ընտրությունների գնալու առաջնորդը, որը 60-ամյակը դրսում նշելուց հետո վերադարձել է, հանդիպել Սերժ Սարգսյանին եւ համաձայնության եկել հետագա անելիքների շուրջ: «Երկիրը գտնվում է ծանր վիճակում, անձնական-կուսակցական շահեր չեն լինելու, բոլորս կպնում ենք իրար՝ երկիրն էս վիճակից հանելու համար, խաղեր չեն լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով` Ծառուկյանն ընտրությունների է գնալու լայն դաշինքով եւ այժմ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական հայտնի, բայց դեռ կուսակցական պայքարի մեջ չընդգրկված դեմքերի հետ։ Որոշված է նրան «վերկուսակցական» ստատուս տալ, եւ այդ հողի վրա բանակցող ուժերի մեջ գզվռտոց է ընկել, թե ով է լինելու «թիվ մեկը»։ ԲՀԿ-ի մասով կրկին արդիական է կուսակցության ղեկավարի փոփոխության խնդիրը, թեեւ ասում են՝ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տա։ Խոսք է գնում նաեւ, որ անհավատարիմները չեն ներվելու՝ Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան, Բազմասեր Առաքելյան, որոնք արդեն հանգրվանել են ՀՀԿ տանիքի տակ։ Այս պահին Ծառուկյանը քննարկում է, թե ինչպես, ինչ տեքստով եւ միջավայրում պետք է անի վերադարձի հայտարարությունը, ինչպես նաեւ` երբ: Նրա զինակիցներից ոմանք գտնում են, որ պետք է ձգել ինտրիգը»: