25.11.2024
Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են առկա մարտահրավերները
prev Նախորդ նորություն

Համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի Կառավարություն

Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Այս մասին հայտնում են Արցախի Կառավարությունից:

"Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ:

Բյուջետային համակարգի մասին օրենսդրությանը համապատասխան՝ հավաստագրված ստացողների ստորագրություններով, կատարված ծախսերը ներկայացնում ենք հետևյալ բացվածքով.

1. Աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների (260 միլիոն դրամ) մասնակի տրամադրում այն աշխատակիցներին, ովքեր փաստացի աշխատանք էին կատարում հանրապետության տարածքում (Նախագահի աշխատակազմ, կառավառության գործերի կառավարչություն, ՊԲ, ՆԳՆ ոստիկանություն, ԱԻՊԾ, ԱԱԾ, Քննչական կոմիտե, առողջապահական հիմնարկներ),

2. Նախկինում կատարված շինարարական աշխատանքների դիմաց քաղաքաշինության նախարարության՝ 18 ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարում (83,5 միլիոն դրամ),

3. Երկրի շրջափակմամբ պայմանավորված՝ մսի արժեքի սուբսիդավորման նպատակով տարբեր տնտեսավարողների հանդեպ գյուղատնտեսության նախարարության ունեցած պարտավորությունների մարում (շուրջ 96 միլիոն դրամ),

4. Ռազմական գործողություններից հետո բնակչության տարհանման նպատակով տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարում և զոհվածների հուղարկավորության համար կատարված ծախսեր (23,5 միլիոն դրամ):

Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում:

Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշռում առկա ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ որոշում չի կայացվել, ու դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո":