Ադրբեջանն ու Պակիստանը համաձայնեցրել են երկկողմ տնտեսական համագործակցության երեք ուղղությունները
Ադրբեջանն ու Պակիստանը համաձայնեցրել են երկկողմ տնտեսական համագործակցության երեք ուղղությունները։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Պակիստանի առևտրի նախարար Հուրրամ Դաստգիր Հանը։
Նա նշել է, որ իրենք քննարկել են երկկողմ առևտրի դյուրացման, երկու երկրների բիզնես շրջանակների միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև Պակիստանի ու Ադրբեջանի միջև վիզային ու մաքսային գործընթացների դյուրացման հարցերը։
Նախարարը նշել, որ համատեղ ձեռնարկություններ կարող են ստեղծվել գյուղատնտեսության, դեղագործության, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Դեկտեմբերի 6-ին Բաքվում կկայանա ադրբեջանա–պակիստանյան բիզնես ֆորումը։ Այդ մասին նշված է Azpromo–ի հաղորդագրության մեջ։
Ֆորումին կմասնակցեն Պակիստանի ընկերությունները, որոնք ներկայացնում են դեղագործական, արդյունաբերական, քիմիական արդյունաբերության, լոգիստիկայի ոլորտները։
Azpromo–ն ստեղծվել է 2003 թվականին`ներդրումները խրախուսելը համար։
Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնն ու Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը պայմանավորվել են արագ կերպով ավարտին հասցնել համատեղ տնտեսական նախագծերն երկրների միջև։ Պակիստանի նախագահը կարևորել է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, փոխանցում է Daily Times–ը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել 2017թվականի փետրվարին այցելել Պակիստան։ Պակիստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը կարող է օգտվել պակիստանյան ռազմական ձեռնարկություններից ու ռազմական մասնագետներ պատրաստել Պակիստանում։
Մասնավորապես, երկիրը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:
Նշենք նաև, որ Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերը`հաջորդ տարի Ադրբեջանի բյուջեից նախատեսվում է պաշտպանության համար հատկացնել 2,642 միլիարդ մանաթ։ Ընդհանուր առմամբ, ազգային անվտանգության ու պաշտպանունակության ամրապնդման, իրավապահ մարմինների համար հատկացվելու է 3,99 միլիարդ մանաթ, ինչը կազմում է 2017թ.–ի բյուջեի 24 տոկոսը։