26.11.2024
Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է. Էլինար Վարդանյան
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ ներկայացուցչի հարցը մնում է չլուծված. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մշտական եւ լիազոր ներկայացուցչի հարցը մնում է առկախված: Դեռեւս այս տարվա սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ էր կանչել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնում նոր նշանակում չի եղել: Ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, բայց եւ որեւէ մեկի չի նշանակում այդ կառույցում: Հիշեցնենք, որ Վիկտոր Բիյագովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականին: 2017թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Յուրի Խաչատուրովը: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետ կանչեց Խաչատուրովին այդ պաշտոնից, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով. Խաչատուրովը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու համար։ Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել ՀԱՊԿ կառույցի ներսում:


Ինչ վերաբերում է Բիագովին, ապա նա մինչ ՀԱՊԿ-ը` 2014-2018 թվականներին, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Բիյագովն այժմ նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր նոր ներկայացուցիչ չնշանակել: ԱԳՆ-ից, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանը նոր ներկայացուցիչ նշանակելու է, թե ոչ, երբ եւ ովքեր են թեկնածուները: Մեր այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ, ըստ սահմանված ընթացակարգի, ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակման ժամանակ կտեղեկացնեն: Այն, որ ՀԱՊԿ-ն անգործության է մատնված եւ վերածվել է մի անարդյունավետ կառույցի, անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների դեպքում է «խուլ ու համր» ձեւանում, դա փաստ է, բայց անհասկանալի է, թե ինչ է տալու այդ անվտանգային մեխանիզմից դուրս գալը, կամ դուրս չգալու մասին չհայտարարելը, բայց որեւէ մեկին չնշանակելը: Արդյոք Հայաստանի անվտանգության համար այլընտրանք ունի՞ Նիկոլ Փաշինյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախից քայլելով եւ ադրբեջանցիներին բարեւելով Հայաստան տեղափոխված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, եկած-չեկած, արդեն իր երկակի խաղերն է սկսել նաեւ այստեղ: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը Արցախից տեղահանված եւ Հայաստանում բնակություն հաստատած շատ արցախահայերի հորդորել է գնալ ու մասնակցել ընդդիմության՝ վերջերս ձեւավորված «Ազգային կոմիտե»-ի հանրահավաքներին: Բաբայանն այս քայլին գնացել է՝ հանուն «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի: Ինչպես մեր հավաստի աղբյուրներն են փոխանցում, Սամվել Բաբայանը արցախցիներին ասել է, թե պետք է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, քանի որ Թեւանյանը «մերն է»: Տեղահանված արցախցիների մեծ մասն էլ, ականջալուր լինելով Սամվել Բաբայանի կոչին, գնացել են ու մասնակցել են իշխանության հրաժարականի պահանջով հավաքներին, որոնք ընդամենը 2-3 օր տեւեցին: Ստացվում է, որ նույն Սամվել Բաբայանը, որը Արցախում համարվում էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը, երկակի խաղեր է խաղում՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա առաջ քաշած վտանգավոր թեզերն է պաշտպանում, մյուս կողմից՝ կոչ է անում արցախցիներին, որ նրա հրաժարականի պահանջով հանրահավաքներին մասնակցեն: Մեզ հետ զրույցում Անդրանիկ Թեւանյանը, անդրադառնալով այս տեղեկությանը, ասաց, թե այն չի համապատասխանում իրականությանը։ «Դա բամբասանք է: Ես ի՞նչ մեկնաբանեմ, եթե նման բան չկա: Ինչ վերաբերում է մեր հավաքներին, ապա դրանց բոլորն էլ պետք է մասնակցեն, այդ թվում՝ արցախահայերը: Մեր հավաքներին միշտ էլ մեծ թվով արցախահայեր են եղել եւ լինելու են»,- ասաց Թեւանյանը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պաշտպանության նախարարության աղբյուրներից տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում մի քանի անգամ ազատման դիմում է գրել կամ առնվազն նման մտադրություն է ունեցել, որի մասին նախարարության աշխատակազմի նեղ շրջանակ է տեղյակ եղել, սակայն Նիկոլ Փաշինյանը համոզել է նրան՝ հետ կանգնել այդ մտադրությունից։ Սուրեն Պապիկյանը, ով ի պաշտոնե Ռուսաստանի հետ ամենաշատ շփումներ ունեցող պաշտոնյաներից է, Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության պատճառով հայտնվել է ռուսական գործիչների ճնշման ներքո։ Երեկ մենք նաեւ լուր էինք գրել, որ ՔՊ-ում կան դեռ ողջամիտ մարդիկ, որոնք դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից, հատկապես` հակառուսական քայլերից, եւ կարծում են, որ դա վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ։ Այս տեսակետը, ըստ որոշ լուրերի, պաշտպանում է նաեւ Պապիկյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում: Իսկ ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու համար։ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին. «Անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում։ Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմը անձանց իրավունքները պաշտպանելու եւ վերականգնելու նպատակով»։ Իսկ թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ գործիքակազմ է կիրառում, դատախազությունը չի մանրամասնել՝ նշելով, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է: Դատելով իրավիճակից՝ դատախազությունում եւս ՀՀ քաղաքացիների պես հանդիսատեսի նման հետեւում են, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հայրենակիցներին մեկիկ-մեկիկ կալանավորում: Խոշտանգումների մասին դեռ տեղեկություն չունենք:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ:  Բնականաբար, տեղի ունեցած հանդիպումը իրենից ենթադրում էր սպորտային միջոցառում՝ թաքնված քաղաքական աստառով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայկական հավաքականից եւ նրանց հետ Թուրքիա մեկնածները պատմել են, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի եւ Թուրքիայի ընտրանու հանդիպման նախորդ գիշերը թուրք երկրպագուները սուլոցներով, աղաղակներով շրջապատել են այն հյուրանոցը, որտեղ անցկացրել են գիշերակացը հայ ֆուտբոլիստները: Աղմկելով նրանք նպատակ են հետապնդել թույլ չտալ ֆուտբոլիստներին քնել, հանգստանալ եւ հաջորդ օրը հավուր պատշաճի խաղալ մարզադաշտում: Դրանից զատ, բոլորս էլ տեսանք, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ ագրեսիվ գործողություններ կատարվեցին հենց մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հետ (սուլոցներ, հայհոյանքներ, շշերի նետում ֆուտբոլիստների վրա եւ այլն):


Օրաթերթը փորձեց կապ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ճշտելու, թե ՀՖՖ-ն այս առնչությամբ ինչ քայլեր է ձեռնարկել: Ինչու՞ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ դրոնով դաշտի վերեւում դուրս բերված Արցախի դրոշը Ադրբեջանը համարում է «սադրանք» եւ դիմում ՈՒԵՖԱ՝ որպես բողոք, իսկ ՀՖՖ-ն որեւէ բողոք չի ներկայացրել թուրքերի վարքագծի եւ անօրինականությունների մասով: Այս առումով՝ «ձայն բարբառո հանապատի»: ՀՖՖ-ն նախ խոստացավ հնարավորինս արագ պատասխանել պաշտոնական հարցմանը, որը ուղարկվել էր մեր կողմից, ապա պարզապես ցուցաբերեց մեռելային լռություն, ինչպես հատուկ է իշխող քաղաքական ուժին, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս ապրիլին, երբ Հայաստանում ընթանում էր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին ի սկզբանե նախատեսված էր ադրբեջանցի մասնակիցների ընդգրկումը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջել է հավելյալ անվտանգային միջոցառումներ, որոնց մասին բարձրաձայնել չցանկացավ: Ավելի ուշ դիզայներ Արամ Նիկոլյանը բացման միջոցառմանը վառեց Ադրբեջանի դրոշը, ինչի հետեւանքով Ադրբեջանի ջանքերով Ծանրամարտի աշխարհի առաջնության՝ Հայաստանում կայանալը չեղարկվեց: Եվ այսպես, բոլոր ոլորտներում Ադրբեջանը կշարունակի «իրենը առաջ տանել», իսկ ՀՀ իշխանությունը փոխարենը կլռի ու բարձրագոչ հայտարարություններ կանի միայն ԱԺ ամենաբարձր ամբիոնից եւ միայն ընդդիմության հասցեին:


«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում թեկնածուներից Տիգրան Ավինյանն ամեն ինչ արեց՝ ընտրություններն ապաքաղաքականացնելու և մունիցիպալ հարթություն տեղափոխելու համար: Այդ «մեթոդին» աջակցեցին մերձիշխանական այլ ուժեր ևս: Սա՝ այն դեպքում, երբ հիմնական ընդդիմադիր ուժերն առաջին պլան էին մղում քաղաքական գործոնը, ի մասնավորի՝ ամբողջական իշխանափոխության գաղափարը: Սակայն թե՛ հոկտեմբերի 10-ին ընդառաջ հետընտրական զարգացումները, թե՛ այն հանգամանքը, որ իշխանափոխության կուլմինացիան տեղափոխվեց հրապարակ, սակայն նորից արդյունք չտվեց, արդեն բուն ավագանու առաջին նիստը և վերջինիս հետագա գործունեությունն, ըստ էության, դարձնում են ապաքաղաքական, այսինքն՝ առավելապես մունիցիպալ: Առավել ևս, որ ավագանու կազմ անցած երկու ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, հայտարարել են, որ առաջին նիստին չեն մասնակցելու: Ըստ այդմ, առավել ևս առկա իրողությունների ֆոնին, այլևս երկրորդական է դառնում, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ, թեկուզ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ այդ պաշտոնը կստանձնի Տիգրան Ավինյանը: Ավելին, հաշվի առնելով, որ ընտրվելուց հետո մեկ տարի նրան չեն կարող անվստահություն հայտնել, ստացվում է, որ առնվազն մեկ տարի քաղաքական գործոնը բացարձակ դուրս է մղվում Երևանի ավագանու նիստերից, իսկ եթե, ի տարբերություն իշխանական ողջ համակարգի, Ավինյանին մեկ տարում հաջողվի, ինչպես ասում են, գոնե աշխատել, ապա գուցե մեկ տարի հետո էլ Երևանի ավագանին մնա սոսկ մունիցիպալ հարթության մեջ...