25.11.2024
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը
prev Նախորդ նորություն

Նախագծով կկարգավորվի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցումը:


Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով կարգավորվում է կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը:


Նշվել է, որ նախագծի նպատակը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակումն է եւ մինչեւ շինարարության ավարտը կառուցապատողների համար հատուկ հաշվի միջոցների հասանելիության վերացումն է:


Հեղինակը, հանգամանալի ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը, փաստել է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիպոտեկով բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպմամբ, մասնավորապես, անհրաժեշտ է սահմանափակել հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորությունը:


Ըստ նրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, սակայն տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողը դադարեցրել է կառուցապատումը, հասանելիություն ունենալով պայմանագրի հիման վրա բացված հատուկ հաշվի միջոցներին, ապա առաջանում են ռիսկեր կապված նրա հետ, թե ինչ միջոցներով պետք է շարունակվի շենքի հետագա կառուցապատումը: Այդ տնտեսական ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է օրենսգրքում կատարել վերոնշյալ փոփոխությունը՝ զերծ պահելով թե՛ գնորդին, թե՛ կառուցապատող կազմակերպությանը, թե՛ բանկին անհարկի տնտեսական ռիսկեր կրելուց:


Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ նախագծում կատարվել են նոր փոփոխություններ, ինչի արդյունքում հիմնովին լրամշակվել է օրինագիծը: Այսպես, օրենքը կսկսի գործել 2024 թվականի հուլիսի 1-ից: Նպատակն է հնարավորություն եւ ժամանակ տալ բոլոր կառուցապատողներին վերակազմակերպվել: Նշվել է, որ կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով չեն կարող նախատեսվել կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների կամ դրանց մի մասի գրավի իրավունքի դադարեցում այդ միջոցների 70 տոկոսի նկատմամբ, իսկ 2025 թվականի հունվարից այն կդառնա 50 տոկոս՝ մինչեւ կառուցապատողի կողմից կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի շահագործման թույլտվության ստացումը: «Այս մոտեցումն առավել արդյունավետ է եւ այն ուղղված է ռիսկերի չեզոքացմանն ու սպառողների պաշտպանությանը»,- նշել է հեղինակը:


Ըստ հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ օրենքի նախագծով խնդիրներ են ստեղծվելու փոքր կազմակերպությունների համար, քանի որ նրանք ստիպված են լինելու հավելյալ գումարներ վերցնել բանկերից:


Ի պատասխան՝ Գեւորգ Պապոյանը փաստել է. «Փորձել ենք այնպես անել, որ որեւէ խնդիր չստեղծվի կառուցապատողների համար: Հատկապես փոքր կառուցապատողների համար խնդիր չի առաջանա, քանի որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հուլիսի 1-ից: Պետության պոզիտիվ իրավունքն է պաշտպանել իր քաղաքացիների շահերը»:


Հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի հավաստմամբ երկրորդ լրամշակված տարբերակը լավագույնն է:


Կառավարության եզրակացությունն օրինագծի վերաբերյալ դրական է: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ հարցը քննարկվել է կառուցապատողների հետ եւ նրանք դրական են արձագանքել:


Հանձնաժողովականները կողմ են քվեարկել ներկայացված առաջարկություններին եւ դրական եզրակացություն տվել օրենսդրական նախաձեռնությանը:


Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում:


Նշենք նաեւ, որ պատգամավորները քվեարկությամբ հաստատել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2023-2024 թվականների տարեկան ժամանակացույցը: