Բեմադրություն, ասմունք, երգ, պար․ օգոստոսի 11-ին Սևան քաղաքում, ինչպես նաև Գանձակ ու Արենի համայնքներում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում տեղի ունեցան միջոցառումներ, որոնք նվիրված էին երկամսյա գործունեությանը։ Միջոցառումներ, որոնց ընթացքում կենտրոնների սաները ներկայացրին, թե ինչ են սովորել Կենտրոնների գործունեության ընթացքում։
Սևանի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի միջոցառումը սկսվեց «Улыбка» երգով։ Այնուհետև փոքրերի խմբի աշակերտներն արտասանեցին բանաստեղծություններ։ Միջին խմբի սաները հանդես եկան «Երեք եղբայները» հեքիաթի բեմականացմամբ։ Իսկ մեծերի խմբի աշակերտները պատրաստել էին տեսանյութեր, որոնցում ռուսերեն լեզվով պատմում էին Սևանավանքի, Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու, Սևանա լճի, ինչպես նաև քաղաքի պատմությունը։
«Մեր երկամսյա աշխատանքի ընթացքում երեխաները մեծ հաճույքով են հաճախել գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում գործող ռուսաց լեզվի անվճար դասընթացներին։ Սկզբում ոմանք անգամ չէին կարողանում կարդալ, խոսել ռուսերեն լեզվով։ Սակայն այդ ամենն արդեն հաղթահարված է։ Ծրագիրը նաև նպաստել է, որպեսզի քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներն ընկերանան, իսկ այն բազմաթիվ միջոցառումները, որոնք անցկացվել են տարբեր թեմաներով, էլ ավելի են ամրապնդել սաների գիտելիքներն ու ռուսերենով շփման հմտությունները», - իր խոսքում ընդգծեց ուսուցչուհի Նեկտար Համբարձումյանը։
Գանձակ համայնքի կենտրոնի սաները ևս ծավալուն աշխատանք էին կատարել։ Ռուսաց լեզվի անվճար դասընթացների փոքրերի խմբի աշակերտները տոնը սկսեցին երգով, այնուհետև հաջորդեց «Калинка-Малинка» երգի հնչյունների ներքո ուրախ պարը։ Միջին տարիքային խմբի սաներն էլ ցուցադրեցին «Колобок» հեքիաթի բեմադրությունը, ասմունքեցին ու երգեցին։ Տոնի եզրափակիչ մասը բաժին էր հասել «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի ավագ խմբի սաներին, որոնք էլ իրենց հերթին պատրաստել էին հումորային համարներ։
«Չնայած այս կարճ ժամանակին, «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում գործող ռուսաց լեզվի անվճար դասընթացներին հաճախող աշակերտները զանազան թեմաների վերաբերյալ գիտելիքներ են սերտել։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն զարգացնել ռուսաց լեզվի իմացությունը, այլև երեխաների աշխարհայացքը, կրեատիվությունը, ստեղծագործելու ունակությունն ու տաղանդները։ Բազում միջոցառումներ ենք կազմակերպել այս երկու ամիսների ընթացքում, որոնց ժամանակ մեր սաները ռուսերենով արտահայտել են իրենց մտքերը, նոր բանաստեղծություններ են սովորել, ծանոթացել են նոր հեղինակների հետ», - միջոցառումը եզրափակեց ուսուցչուհի Ազնիվ Լևոնյանը։
Արենի համայնքի «Ռուսաց լեզվի և մշակույթի» «Տիեզերք» անվանումը կրող կենտրոնում իսկական տոն էր, քանզի այն նվիրված էր տիեզերքին, մոլորակներին, աստղերին։ Միջոցառման սկբում սաները ներկայացրին 19-20-րդ դարերի հայտնի գիտնականներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել տիեզերքի զարգացման, նվաճման մեջ։ Նրանք խոսեցին Արիստոտելի, Ցիալկովսկու, Լոմոնոսովի մասին։ Աշակերտները ռուսերեն լեզվով ներկայացրին արեգակնային համակարգը, բոլոր մոլորակները, նշեցին, թե ինչով են տարբերվում դրանք միմյանցից։ Հատկանշական էր, որ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներն իրենք էին նկարել բոլոր մոլորակները, որոնց մասին կիսվեցին հավաքվածների հետ։
Արենի համայնքի կենտրոնի փոքրիկ սաները երգեցին չաստուշկաներ ընտանիքի թեմայով։ Մյուս երկու խմբերի աշակերտները ներկայացրին ոտանավորներ կրկին ընտանիքի մասին»։ Նրանք նաև երիցուկ՝ տոնի խորհրդանիշը սարքեցին իրենց իսկ ձեռքերով և թերթիկներին գրեցին, թե ինչ է իրենց համար խորհրդանշում ընտանիքը։ Նաև ներկայացրին իրենց պատրաստած նյութերը՝ «Ինչ է ընտանիքը» և «Իմ ընտանիքը» թեմաներով։
«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը հրաշալի հնարավորություն ու յուրօրինակ հարթակ է համայնքի երեխաների համար։ Այն հնարավորություն է տալիս ազատ շփվելու, լինի դա բարդ թեմա, թե դժվար տերմիններ, նրանք հաղթահարում են այդ փորձությունը՝ դառնալով ավելի վստահ, կայուն իրենց գիտելիքներում։ Մենք այս երկու ամիսների ընթացքում միասին ուսումնասիրեցինք բազում թեմաներ․ ռուսերեն լեզվով քննարկել ենք աշխարհագրության, պատմության, գրականության, մշակույթի, արվեստի մասին թեմաներ, եւ ինչպես այսօր ականատես եղաք ընտրված թեման տիեզերքն էր։ Ամենակարևորը երեխաների ցանկությունն է, նվիրվածությունը, որոնք ես տեսնում եմ նրանց մեջ»,- ասաց ուսուցչուհի Ծաղիկ Մանուկյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Արենի, Սևան եւ Գանձակ համայնքներում գործում են «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնները, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։
«Ռուսաց լեզվի և մշակույթի» բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։
Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։
Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։