ԼՂ-ում ճգնաժամին պետք է միջազգային իրավական գնահատական տրվի. Փաշինյան
Եթե մի պահ Ադրբեջանի այս գործելակերպը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելու, չդիտարկենք ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում, ապա բացատրություն չկա՝ ինչո՛ւ է Ադրբեջանն արգելում հումանիտար բեռների մուտքը ԼՂ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավելի ճիշտ՝ ԼՂ հումանիտար բեռների մուտքն արգելելն ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները: Եվ, իսկապես, միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ՝ ավելի ու ավելի բարձր, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից:
Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճան, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը ապահովելու մասին»,- ասաց նա: