25.11.2024
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նորանշանակ վարչապետին
prev Նախորդ նորություն

Լեհաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոստիկանության բարեփոխումներին

Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։


Ինչպես հայտնում են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից, Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում:


Վահե Ղազարյանն անդրադարձել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին՝ այդ գործընթացում կարևորելով միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության դերը։


Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ողջունել ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների գործընթացին։


Խոսելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեծ ծավալով իրականացվում են նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ կանոնադրության հաստատում, հաստիքների համալրում և այլն։ Նա նաև նշել է, որ կառուցվածքը ձևավորելիս ուշադրություն է դարձվել հանրային ծառայություններին, որոնք մատուցվում են քաղաքացիներին, և մինչև տարեվերջ կավարտվեն համալրման աշխատանքներն ու նախարարությունը ամբողջ ծավալով կկարողանա գործարկվել։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնագետների փորձի փոխանակմանը և վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր։


Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։