Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: Նիստին մասնակցել են Փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես է եկել աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին, խմբի ղեկավարը բաց քննարկման, ինչպես նաև գործնական և իրատեսական առաջարկություններ և լուծումներ ներկայացնելու կոչ է արել:
Ըստ աղբյուրի՝ ՓԾ տնօրենը նշել է, որ ըստ արտակարգ դեպքերի, պատահարների վերջին տարիների վիճակագրության՝ զգալի աճ է գրանցվել անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների մասնաբաժնում: Տնօրենն առաջարկել է կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընդգրկել նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կամավորական փրկարարական կազմավորումների ուժերն ու միջոցները:
«Կ.Ցուցուլյանը կանխարգելիչ միջոցառումների շարքում կարևորեց հրդեհների առաջացման սկզբնական փուլում արագ արձագանքման կազմակերպման նպատակով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում կամավորական հրշեջ հենակետերի հիմնումը:
Ներկայումս, անտառամերձ հատվածներում և բնակավայրերում, հանգստյան գոտիներում պարբերաբար իրականացվում են շրջայցեր, հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, այդ թվում նաև ԱԹՍ-ներով, իսկ որոշ հատվածներում, կախված եղանակային պայմաններից, սահմանվում են հերթապահություններ։
Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կ․Ցուցուլյանն առաջարկեց աշխատանքներ տանել ըստ հետևյալ ուղղությունների, մասնավորապես, ճանապարհամերձ և ավելի խիտ խոտածածկ տարածքներում չոր խոտերի հնձում, չորացած ճյուղերի էտում և տարածքից հեռացում, անջրպետների ստեղծում, հանգստյան գոտիներում, զբոսաշրջության երթուղիներում տեղադրել հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ, հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, անտառային տարածքներում ջրառի համար նախատեսել ջրավազաններ ու ջրաղբյուրներ, հրդեհավտանգ ժամանակահատվածում անտառային տարածքներում իրականացնել շուրջօրյա հերթապահություն և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նիստի ընթացքում մասնակիցներն իրենց հերթին հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Հանրային իրազեկման նպատակով առաջարկվել է կազմակերպել տեղեկատվական արշավներ, պատրաստել պարզ և ընկալման համար մատչելի տեսահոլովակներ և ապահովել դրանց տարածումը սոցիալական և պաշտոնական կայքերում, հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև իրականացնել լայնածավալ իրազեկման աշխատանքներ հակահրդեհային վարքականոնների վերաբերյալ։
Նիստի ավարտին աշխատանքային խումբը որոշել է անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ ձևավորել մարզային աշխատանքային ենթախմբեր, որոնք տեղերում կիրականացնեն ուսումնասիրություններ, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ։