23.11.2024
Սարգսյան. «Եթե մենք չանդամակցեինք ԵՏՄ-ին, պետք է բախվեինք ավելի ցավալի խնդիրների»
prev Նախորդ նորություն

Բիրյուկով. Ռուս սահմանապահները պատվով են պաշտպանում Հայաստանի սահմանները

Ռուս սահմանապահները պատվով են պաշտպանում Հայաստանի սահմանները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության հրամանատար Վյաչեսլավ Բիրյուկովը՝ «Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության փառքի սենյակի» բացման հանդիսավոր արարողության ընթացքում, որը նվիրված էր հաղթանակի 70-ամյակին:

«Մեր պապերն արել են ամեն ինչ, որպեսզի մենք հիմա նշենք այսօրվա լուսավոր տոնը: Այսօր մենք բարեխղճորեն իրականացնում ենք Հայաստանի սահմանների պաշտպանության հայ-ռուսական համաձայնագիրը, ինչի մասին է վկայում այս տարվա ընթացքում 8 սահմանախախտների ձերբակալությունը: Նրանցից շատերը ձերբակալվել են սահմանամերձ բնակչության աջակցության շնորհիվ: Այսօր ես հանդիպել եմ Արմավիրի քաղաքապետի հետ և իմ շնորհակալությունն եմ հայտնել բնակիչների հետ իրականացված աշխատանքների համար՝ սահմանապահների աջակցելու հարցում»,-նշել է Բիրյուկովը:

Նա նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին միավորում է բազմադարյա ամուր բարեկամությունը, ինչի վառ վկայություններից մեկն է ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցը:

«Ռուսաստանի նախագահի խոսքերը այն մասին, որ 1915թ.-ի ապրիլի 24-ը ողբերգական տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ և այն, որ Ռուսաստանը հայ ժողովրդի ցավը ընկալում է որպես սեփական ցավը և աղետը, նույնպես վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին: Մենք նույնպես միասին վերապրել ենք Հայրենական Մեծ պատերազմի կորստյան ցավերը», - նշել է նա:

Հայաստանում ռուս սահմանապահները գտնվում են 1992թ.-ի սեպտեմբերի 30-ի՝ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների կարգավիճակի մասին համաձայնագրի հիման վրա: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը իր մեջ ներառում է սահմանապահ չորս ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցագրային կետ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում: