26.11.2024
ՀՔԾ. ՊՊԾ գնդի գործով 14 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
prev Նախորդ նորություն

Բարի գալուստ Գյումրի. «Պոբեդան» մեկնարկեց Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը

Նախօրեին ռուսական «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքում (http://www.pobeda.aero/) մեկնարկեց Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը: Թռիչքները, ինչպես և հայտարարվել էր նախապես, կիրականացվեն դեկտեմբերի 15-ից սկսած` առայժմ շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:

Վաճառքի մեկնարկային գինը 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամն է կամ շուրջ 7000 դրամ: Թռիչքներն իրականացվելու են ցերեկային ժամերին, մասնավորապես դեկտեմբերի 15-ին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթի տոմսը կարժենա 998,86 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ:

Ինտերֆաքսին տված հարցազրույցում լոքուոսթերի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը խոսել է Երևան թռիչքներ իրականացնելու նպատակադրվածությունից հրաժարվելու մասին, քանզի, նրա խոսքով, «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատիրոջ հետ այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ` «Պոբեդային» հատուկ պայմաններ տրամադրվելու շուրջ: Եվ որպես այլընտրանք ՀՀ իշխանություններն ավիաընկերությանն առաջարկել են այլընտրանքային տարբերակ`Գյումրու «Շիրակ» օդանավակայանը:

Կալմիկովը տեղեկացրել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը չեղարկել է Գյումրի ժամանող ուղևորների համար, այսպես կոչված, «օդի հարկը», որը իսկապես բավականին լուրջ թիվ է կազմում` Հայաստան ժամանող յուրաքանչյուր ուղևորից շուրջ 20 եվրո է գանձվում, որն ուղղվում է պետական բյուջե:

«Բացի այդ` Գյումրու օդանավակայանում օդանավակայանային սպասարկումը մեզ համար համեմատաբար ցածր կլինի»,- ասել է ավիաընկերության տնօրենը:

Ավելացնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ևս մեկ`«Ուրալյան ավիաընկերությունը» դեկտեմբերի 2-ից մեկնարկում է ամենօրյա չվերթ Դոնի Ռոստովից- Գյումրի: Խոսքն, իհարկե, լոքուոսթերի մասին չէ, բայց հաշվի առնելով, որ «Շիրակ» օդանավակայանում սպասարկման բարձր գներ գոյություն չունեն, ինչպիսիք առկա է Էդուարդո Էռնեկյանի «Զվարթնոցում», ապա ենթադրելի է, որ Դոնի Ռոստովից-Գյումրի չվերթի տոմսերի գինը էապես կտարբերվի նույն քաղաքից դեպի Երևան իրականացվելիք չվերթի գնային քաղաքականությունից: