VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձևավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը, մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը: Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար
Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017թ. բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին նույնքան գումար է հատկացվել, որքան հատկացվել էր այս տարի՝ 191 մլն դրամ կամ մոտ 400 հազար դոլար: Հիշեցնենք, որ միայն 2016թ. համար այդ ՊՈԱԿ-ը նախատեսում էր ֆինանսավորել 5480 համացանցային եւ այլ հրապարակում, որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը 15.100 դրամ է: Փաստորեն, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս պատրաստվում է օգտվել ստատուսչիկների ծառայություններից: Սույն ՊՈԱԿ-ը գոյություն ունի վաղուց՝ դեռեւս
Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանից, բայց այն ժամանակ ֆինանսավորվում էր միջազգային կառույցների կողմից: Ավելի ուշ այն ֆինանսավորվել է բյուջեից, բայց ոչ այս չափով, այլ կրկնակի-եռակի անգամ քիչ: ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին: Նախկինում սույն գործը մի փոքր ավելի քաղաքակիրթ է եղել, մեր տեղեկություններով այն սկսել է ֆեյսբուքյան ստատուսների մակարդակի իջնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»:
«168 ժամ» թերթը գրում է. «Գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: Նախարարի խոսքով՝ նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով, այնպես էլ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն դեպքում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքն ավելացել է և (կամ) պարտավորությունների նվազել են, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, անձը պետք է պատասխանատվույթան ենթարկվի ապօրինի հարստացման համար: Այս արարքի համար նախագծով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Էական է համարվում 5 մլն դրամը գերազանցող շեմը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչև 95.1% 2016-ի համար: Նշենք նաև, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:
«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողների և տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումների, միջազգային ճանաչ ման և հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ անցկացված վերջին սոցհարցման արդյունքները: Հետազոտությունը իրականացվել է 2016 թվականի հուլիսին (ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց)՝ 1081 ընտրանքով, մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 7 շրջաններում: Հետազոտության արդյունքները համեմատական վերլուծության են ենթարկվել «Այ Փի Էս Սի»-ի կողմից 2015թ. մարտին ԼՂՀ-ում իրականացրած համանուն սոցհարցման արդյունքների հետ:
Ստացված տվյալները փաստում են որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության համախոհների թիվը: Այս հարցում նշանակալի միտումներ են նկատվել բնակչության երիտասարդ և կրթված զանգվածի շրջանում: Վերջիններս մեծապես աջակցում են անկախությանը (18-ից 30 տարեկանների 61.2% անկախության կողմնակից են, բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը անկախության կողմնակից են): Պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը աճել է ավելի քան 2 նիշով, միաժամանակ բնակչության 78,6%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա» է: