Այդ անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ. Կարմիր խաչի պարզաբանումը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Այդ անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Այս մասին ասված է ԿԽՄԿ հայտարարության մեջ:
«Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։
Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը ԿԽՄԿ-ի մեքենաների համար՝ մեղադրելով, թե դրանցով արգելված ապրանք է տեղափոխվել Արցախ: